տուն Հասարակություն Իրավական Որքան գումար են վճարել զորակոչից խուսափած քաղաքացիները 16 տարվա ընթացքում՝ հայրենիք վերադառնալու...

Որքան գումար են վճարել զորակոչից խուսափած քաղաքացիները 16 տարվա ընթացքում՝ հայրենիք վերադառնալու համար. fip.am

365
0

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2020-ի հունվարից սկսած, հայրենիք վերադառնալուց հետո կենթարկվեն քրեական պատասխանատվության։

2020 թ. հունվարի 20-ին խորհրդարանը մերժեց օրակարգ ներառել զորակոչից խուսափած քաղաքացիների վերաբերյալ օրենքի գործողության ժամկետի երկարաձգման հարցը։

2004 — 2019 թթ.  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի պարբերաբար երկարաձգմամբ պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն էին ստանում վերադառնալ հայրենիք, տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Օրենքի գործողության ժամկետն ավարտվել էր 2019 թ. դեկտեմբերի 31-ին, և այս անգամ այն երկարաձգելու նախագիծ ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս հայտարարել էր, որ մինչև հիմնարար լուծում գտնելը, անհրաժեշտ է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել, որպեսզի 2020-ի ընթացքում ևս ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան վերադառնալ Հայաստան։

Մինչդեռ իշխող ուժը մերժել էր՝ պատճառաբանելով, որ օրենքը դարձել է բանակից խուսափելու միջոց, և խոստացել հարցին վերջնական լուծում տալ։ Այժմ չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

Իսկ արդեն 2020-ի հունվարից սկսած՝ ծառայությունից խուսափած անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով, այն է՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Ի՞նչ էր նախատեսում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը 

2004 թ․-ի մարտի 1-ին ուժի մեջ մտած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը հնարավորություն էր   ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել պետական տուրք, ազատվել քրեական հետապնդումից և անարգել մուտք գործել Հայաստան:

Վճարվելիք տուրքի չափը նախ սահմանվել էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, 2017-ից դարձել էր նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

Զինապարտ քաղաքացիների համար վճարվող տուրքը տարբեր էր՝ պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է քաղաքացին խուսափել:

Զինծառայությունից խուսափած քանի՞ անձ է օգտվել օրենքից 

Գլխավոր դատախազությունից, ի պատասխան Fip.am-ի հարցման, տեղեկացնում են, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ 2004-2019 թվականների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 10,921 անձի նկատմամբ։

Ինչ վերաբերում է վճարված պետտուրքին, ապա Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թ, դեկտեմբերի 31-ը թվով 10,921 քաղաքացիների կողմից վճարվելիք գումարի չափը կազմել է մոտ 13 մլրդ 396 հազ. դրամ։ Ըստ ՊՆ-ի՝ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Նշենք, որ ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով 2008-ից մինչև 2019 թ․-ի նոյեմբերը ներառյալ ոստիկանության մարմինների կողմից ծառայությունից խուսափելու համար հայտարարվել է  հետախուզում մինչև 35 տարեկան թվով 11,500 քաղաքացու նկատմամբ։

Զինվորական ծառայությունից խուսափած հետախուզվող

քաղաքացիների թիվը