տուն Տնտեսական Որտեղ ՀՀ-ն է առավել մոտ եվրոպական չափանիշներին, այնտեղ մենք փոփոխություններ կանենք ՄՄ-ում....

Որտեղ ՀՀ-ն է առավել մոտ եվրոպական չափանիշներին, այնտեղ մենք փոփոխություններ կանենք ՄՄ-ում. Լոցմանով

129
0

Lostmanov_660

Այն տեխնիկական կանոնակարգերում և ստանդարտներում, որտեղ Հայաստանն ավելի մոտ է Եվրոպական չափանիշներին, քան Մաքսային միության անդամ երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան), կընդունվեն այն մոտեցումներն ու փորձը, որն ունի Հայաստանը: Եվ հակառակը: Որտեղ, օրինակ, Ռուսաստանն է առավել մոտեցել միջազգային ու եվրոպական լավագույն չափանիշներին, այդտեղ կընդունվեն հենց այդ մոտեցումները՝ Մաքսային միության ու Եվրասիական միության շրջանակներում: Այս մասին այսօր ասաց Արդյունաբերողների և գործարարների Ռուսաստանի միության փոխնախագահ Ա. Ն. Լոցմանովը՝ Երևանում մեկնարկած սեմինարներից մեկի ժամանակ, որը նվիրված է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների նախապատրաստմանը: Նրա խոսքով՝ և՛ Մաքսային միության երեք երկրները, և՛ Հայաստանը՝ նույն ուղղությամբ են գնում, այն է՝ ընդունել եվրոպական լավագույն ստանդարտներն ու հասնել դրանց:

«Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համակարգը կառուցվում է եվրոպական համակարգին համապատասխան: Եվ Մաքսային միության կարգավորումների հիմքում ընկած են եվրոպական դիրեկտիվները: Ուստի Մաքսային միության անդամ երկրներն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով: Ավելին, շատ ստանդարտներ ներդաշնակեցվում են նաև միջազգային չափանիշներին: Անցած տարվա սեպտեմբերին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Ռուսստանդարտի և Եվրոպայի ստանդարտների կառույցի միջև, այնպես որ մենք իրար հետ նույն ճանապարհով ենք գնում: Եթե այս պահին ինչ-որ հարցերում կան տարբերություններ, դրանք հեշտ հաղթահարելի են: Այնտեղ, որտեղ Հայաստանն առաջ է անցել եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու առումով, մենք համապատասխան փոփոխություններ կանենք Մաքսային միության կանոնակարգերում: Իսկ որտեղ Մաքսային միության երկրներն են առաջ անցել օրենսդրության համապատասխանեցման առումով՝ այդտեղ մենք կաշխատենք Հայաստանի հետ: Ամենակարևորը, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն հնարավորություն է տալիս որպես հավասար գործընկերներ համատե՛ղ աշխատել նոր կարգավորումների ու ստանդարտների ուղղությամբ՝ համապատասխանեցնելու համար դրանք եվրոպական ու միջազգային չափանիշներին»,- ասաց Լոցմանովը: