Օրեր առաջ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, թե ինչպես են հուղարկավորելու կորոնավիրուսից մահացածներին, որոնց չեն հերձում: Ըստ որոշման՝ դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), ախտահանում են նաև դագաղը, դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը:
Araratnews.am-ը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Արման Իսկանդարյանին հարցրեց՝ կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորում են առանձին վայրում, թե ընտանեկան գերեզմանոցում: «Առանձնացված տարածք չկա: Հուղարկավորում են այն տարածքում, որը հատկացնում ենք մահացածի հարազատներին: Աշխարհում նման պրակտիկա չկա, որ կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորեն առանձին վայրում, բացի Նյու Յորքից, որտեղ տարածքի խնդիր ունեն: Կղզում են հուղարկավորություն անում»,- պատասխանեց ՀՈԱԿ-ի տնօրենը:
Արման Իսկանդարյանի խոսքով՝ վիրուսը չի կարող ապրել մեռած մարմնում, ուստի անհանգստանալու կարիք չկա:
Ի դեպ, կորոնավիրուսից մահացածների հոգեհանգստի արարողություն չի իրականացվում:
Սոնա Դավթյան