ՀՀ կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումները և հետագա անելիքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերին:
Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:
Տեղեկացվում է, որ նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ապրիլի 13–ի արտահերթ նիստում որոշվել է Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև մայիսի 14–ը։ Բայց տնտեսական հետևանքները մեղմելու համար տնտեսական գործունեության որոշ տեսակների արգելքը մեղմացվել կամ հանվել է։