Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաեւ գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ այդ նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաեւ պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
Նշվում է նաև, որ խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ինչպես նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ում հետ նույնպես քննարկվել է խնդիրը:
Առաջարկվող փոփոխությունը կարեւոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման եւ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: