ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից նամակներ է ստանում, որ որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակում ստացած գումարը կանխիկացնել և տալ իրենց: Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ քաղաքացիներին զգուշացնելով չտրվել գործատուների խարդավանքներին:
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այս միջոցառման շահառու կարող են դառնալ միայն վարձու աշխատողները, ոչ թե գործատուները: Այսինքն՝ պետության աջակցությունն ուղղված է աշխատողին, ոչ թե գործատուին:
Եվս մեկ անգամ տեղեկացնում են՝ գումարը, որը փոխանցվել է կոնկրետ աշխատողի անունով պատկանում է բացառապես տվյալ մարդուն: Գումարը կիսելու, մասնակիորեն կամ ամբողջությամբ երկրորդ անձի փոխանցելու պարտավորություն չկա:
Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուների կողմից նման ապօրինի գործողությունների մասին յուրաքանչյուր ահազանգ փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործողությունների համար »: