Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը միշտ կողջունի համագործակցությունը ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ, այդ թվում` Ադրբեջանի։
Նաղդալյանը նշեց, որ ՀԱՊԿ սկզբունքի համաձայն` որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։
Խոսնակը մասնավորապես ասաց, որ դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ․ «Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում կմնան միայն որպես այդպիսին»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակին, ապա սա էլ ստանձնելու համար, Նաղդալյանի խոսքով, պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ, ինչպես նաև չունենա տարածքային վեճեր հարևանների հետ։
Հիշեցնենք, որ Բորիսովը Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր` ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է կոլեկտիվ ընդունվի: