Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է Հայաստանի տնտեսական աճի դանդաղման պատճառներին` նշելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ: Նրա խոսքով` Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական, քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել մեր տնտեսության վրա, իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները այդ երկրներում:
Ներքին գործոններից Տ. Սարգսյանն առանձնացրեց բիզնես միջավայրի դանդաղ բարելավումը: «Բիզնես միջավայրի բարելավումը պիտի լինի ուշադրության կենտրոնում, չլուծված խնդիրներ կան, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նահանջ: Տնտեսական աճի շարժիչ ուժը պիտի լինեն մասնավոր ներդրումները, իսկ դրանք վերջին հինգ տարիների ընթացքում կայուն ձևով նվազում են, ինչը, բնականաբար, մեզ մտահոգում է: Բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պիտի լինի առաջնահերթություն»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ ցուցանիշները բաշխված են անհավասարաչափ. մի մասով առաջատար դիրքերում ենք, մյուսներով՝ անգամ հարյուրի մեջ չենք մտնում, հենց դրանք են, որ էապես զսպում են տնտեսական աճը Հայաստանում: Օրինակ` շինարարության ոլորտում շինթույլտվությունների առումով ունենք բյուրոկրատիայի բարձր աստիճան, այդ պատճառով էլ, ըստ նրա, վերջին տարիների ընթացքում շինոլորտում ունենք կայուն նվազում:
Տնտեսական աճի վրա բացասաբար ազդող երկրորդ գործոնը բարձր գնաճն է, որը հետևանք էր գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման: Դա ստիպեց Կենտրոնական բանկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կես տոկոսային կետով` դարձնելով 8,5%, ինչը զսպողական ազդեցություն է թողնում տնտեսական աճի վրա:
Տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող հաջորդ գործոնը բյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակն է:
Վարչապետի խոսքով` գալիք տարվա պետբյուջեի հաջորդ առանձնահատկությունը աշխատավարձերի բնագավառում իրականացվող փոփոխությունն է. ներդրվում է միասնական սանդղակ: Բացի այդ, ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատավարձերի հետևողական բարձրացման քաղաքականություն: Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամից առաջիկա տարիներին հասցնելու են 70 հազ. դրամի:
Այժմ նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ է, իսկ 2014 թ. հունվարի 1-ից կլինի 50 հազար դրամ: