տուն Քաղաքական Վերլուծական Որդիներին օգտագործում են հերերին զսպելու համար

Որդիներին օգտագործում են հերերին զսպելու համար

302
0

heno

Հունվարի 11-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք է բերման ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը: Նա նախ Երեւանի Գնունի փողոցի շինանյութի շուկայում անհարգալից վերաբերմունք է դրսեւորել քաղաքացիների հանդեպ, այնուհետև՝ դիմել փախուստի: Ոստիկաններն ի վերջո հետապնդել են ու բերման ենթարկել նրան՝ մեքենայից հայտնաբերելով դանակ ու կանեփանման զանգված:

Հատկանշական է, որ Դավիթ Նավասարդյանը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման վարքագծով: Դեռևս սեպտեմբերի 2-ին նա հայոյել և սադրել էր քաղաքապետարանի մոտ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց իրականացնող քաղաքացիներին: Մի քանի անգամ որոշակի պարբերությամբ մոտենալուց և հայոյելուց, այդ ընթացքում ոստիկանություն կատարված զանգերից և սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկից հետո միայն՝ ոստիկանությունը անցել էր իր պարտականություններին՝ բերման ենթարկելով Դավիթ Նավասարդյանին: Սա այն դեպքում, որ դա կատարվել էր քաղաքապետարանի մոտ իրականացվող ակցիայի հետ կապված հերթապահություն իրականացնող ոստիկանների աչքի առաջ:

Այդ ժամանակ մեքենայի վարորդի մոտ չէր եղել վարորդական իրավունք, իսկ Դավիթ Նավասարդյանը և մեքենան վարող վերջինիս ընկերուհին գտնվել էին ոչ սթափ վիճակում: Նման վարքագծի համար թե ինչպիսի պատասխանատվության ենթարկվեց Դավիթ Նավասարդյանը՝ կարևոր չէ, քանի որ փաստը ցույց է տալիս, որ նա շարունակել է իրեն զգալ նույնքան անպատժելի, որքան սեպտեմբերի 2-ին և դրանից առաջ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներին սադրելու ժամանակ:

Նույն ձևով այդպես էլ չբացահայտվեցին և պատասխանատվության չենթարկվեցին քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող և աջակցող քաղաքացիներին ծեծի ենթարկածները, որոնք, մեծ հավանականությամբ,  Հենրիկ Նավասարդյանի, Միսաք Համբարձումյանի և Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից էին: Բոլորը լավ հիշում են «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել արտահայտությունը»: Իսկ հերերի որդիները շարունակում էին հովանավորվել ոստիկանության կողմից:

Սակայն պարզվում է՝ ձերբակալվում է ոստիկանության հովանավորյալ հանդիսացող և նախկինում ազատորեն ոստիկանների մոտ իրեն անօրինականություն թույլ տվող Դավիթ Նավասարդյանը: Վստահաբար այս վիճաբանությունը վերոնշյալ երիտասարդի կյանքում առաջինը չէ և նման իրավիճակները վերջինիս համար սովորական առօրյայի մաս են կազմում: Այսինքն` ոստիկանությունն ընդամենը օգտվել է վերջինիս՝ իր իսկ կողմից  թույլատրված վարքագծից և փորձում է մասնակիորեն պատժել հակահասարակական վարքագծի համար:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ նաև, որ ոստիկանության համար անպատժելիները կտրուկ դառնում են պատժելի՝ որոշակի արդարադատության հետ կապ չունեցող խնդիրներ լուծելու համար: Եվ այս դեպքում թիրախը հենց Հենրիկ Նավասարդյանն է:

Հենրիկ Նավասարդյանը հանդիսանում ուղևորափոխադրողների շահերի պաշտպանը՝ հանդիսանալով վերջիններիս գործընկերն ու կոռուպցիոն հոսքերի հիմնական օղակը: Իսկ ուղևորափոխադրողները շարունակում են պահանջել ուղեվարձի թանկացում, ինչը ներկա իրավիճակում ցանկալի չէ Սերժ Սարգսյանի և առհասարակ վարչախմբի համար, քանի որ նախ կարող է բարձրացնել բողոքի լայն ալիք, որը կարող է վերաճել քաղաքական գործընթացի և երկրորդ՝ ուղեվարձի թանկացումը հետագայում կարող է օգտագործվել որպես շեղող թեմա՝ ելնելով քաղաքական իրավիճակից:

Այսպիսի իրավիճակում սա հավանաբար ուղերձ էր Հենրիկ Նավասարդյանին և մյուս ուղևորափոխադրողներին, որ չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել և անհրաժեշտ է սպասել հարմար պահին:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here