Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու ռուս չինովնիկների հախուռն նկրտումները պայմանավորված են ոչ միայն սովետական կարոտախտով , այլև ավելի խորը գնացող, ռուսական հասարակության կայսերապետական ռեվանշիստական իղձերի բավարարման կամ ինքնաբավարարման բուռն ցանկությամբ: Այս փաստը կարծես թե քչերի մոտ է կասկած հարուցում: Ցավալիորեն պետք է նշենք, որ հայաստանյան չինովնիկների, մեղմ ասած, անզգույշ արտահայտությունները կամա թե ակամա ջուր են լցնում ռուսական ջրաղացին: Կրթության նախարար Աշոտյանի թեթև ձեռքով հայերենը հայտարարվում է պաշտոնական լեզու, ինչը Սահմանադրությամբ ամրագրված հայերեն լեզվի պետական կարգավիճակի մասին հոդվածի կոպիտ խախտում է: Փաստենք, որ սկզբունքային խորը տարբերություններ կան պաշտոնական և պետական լեզուների միջև: Պաշտոնական լեզուն իրենից ներկայացնում է ծիսական, արարողակարգային, եթե կուզեք՝ կլանային, սահմանափակ կիրառում ունեցող հաղորդակցության միջոց:
Արտաշիսյանների օրոք, օրինակ, Հայկական թագավորության պաշտոնական լեզուն արամերենն էր, այն պարզ պատճառով, որ հայկական գիր գոյություն չուներ: Այս մասին են վկայում Արտաշես առաջինի հանրահայտ սահմանաքարերը, որոնք ինչ-որ իմաստով պաշտոնական «փաստաթղթեր» են: Հետագայում նույն սկզբունքով Հայաստանի պաշտոնական լեզուն է եղել հունարենը և այլն: Հայկական եկեղեցու պաշտոնական լեզուն դարեր շարունակ եղել է գրաբարը, որը բացարձակ չի կարելի նույնացնել արդի հայերենի հետ (լեզվաբաններն առավել հանգամանալից կարող են սա փաստարկել): Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական լեզուն մնում է լատիներենը: Ինչևէ, ասել կուզի, պաշտոնական լեզուն բովանդակային առումով ոչ միայն նույնական չէ պետական լեզվի հետ, այլև լավագույն դեպքում կարող է կազմել պետական լեզվի ընդամենը փոքր բաղադրիչը:
Գալով պետական լեզվին` ՀՀ Սահմանադրությամբ հայերերնն ամրագրված է որպես ՀՀ պետական, ինչպես նաև գործավարության լեզու: Հենց սրանով իսկ՝ լեզուն դառնում է պետականության բաղադրիչ և խորհրդանիշ: Լեզուն և լեզվամտածողությունը հանդիսանում են ցանկացած հանրույթի առանձնահատկության առաջնային դրսևորումներ: Այս տեսանկյունից արդեն պետական լեզվի նկատմամբ ոտնձգությունը վերածվում է քաղաքակրթական տեսակի նկատմամբ ոտնձգության, որը կատարվում է ոչ միայն հայաստանյան չինովնիկների թողտվությամբ, այլև նախաձեռնությամբ: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ անգամ խորհրդային շրջանում ռուսերենը ՀԽՍՀ-ում որևէ կարգավիճակ չի ունեցել: Նման պայմաններում արդեն ներկայիս հայաստանյան իշխանությունների և վերջինիս ներկայացուցիչ չինովնիկների կրավորական կեցվածքը ակնհայտ վկայում է այն մասին, որ առկա վարչակարգը պետականության համար առաջնային և ոչ առաջնային բոլոր հարցերում այլևս վերածվել է խամաճիկի` տվյալ դեպքում ռուսական, անգամ երկրորդային նշանակության, պետպաշտոնյաների ձեռքին:
Աղասի Մարգարյան