Երևանի ավագանու «Լույս» խմբակցության շուրջ ստեղծված երեկվա աժիոտաժից հետո այսօր քննարկվում է, թե Դավիթ Խաժակյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո՝ ո՞վ կփոխարինի նրան։ Ըստ խմբակցության ընտրացուցակի՝ հաջորդ համարը Անահիտ Բախշյանն է։
Araratnews.am-ը «Լույս»-ի անդամներից Թեհմինա Վարդանյանի հետ զրուցեց խմբակցության հետագա անելիքների մասին՝ արդյոք փոխվելու է գործելաոճը։
Թեհմինա Վարդանյանը կրկնեց, որ երեկվանից իրենց մեղադրում են ավագանու նիստում անձնական վիրավորանք հասցնելու մեջ, բայց իրենք անձնական վիրավորանք չեն հասցրել, այլ պարզապես արձագանքել են քաղաքապետի մեկնաբանություններին, և այս ամենը «Լուսավոր Հայաստանի» կողմից բարձրացված անիմաստ աղմուկ է։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք փոխելու են գործելաոճը, Վարդանյանն արձագանքեց․ «Եթե նկատի ունեք սուր քննադատությունը, իհարկե, չենք դադարելու քննադատել, բա ընդդիմությունն ինչի՞ համար է»։
Դիտարկմանը, որ Դավիթ Խաժակյանի մանդատը վայր դնելու դեպքում, ըստ ցուցակի հաջորդը Անահիտ Բախշյանն է նրա տեղը զբաղեցնելու՝ արդյոք քննարկում է եղել Բախշյանի հետ․
«Հերթական համարը, այո, տիկին Բախշյանն է, բայց, այնուամենայնիվ, ես գրեթե համոզված եմ, որ պարոն Խաժակյանը մանդատը վայր չի դնի, սա որոշակիորեն կեղծ օրակարգ է։ Իսկ տիկին Բախշյանի հետ դեռ չենք խոսել, որովհետև սա անիմաստ աղմուկ է, և հարկ էլ չեմ համարում դրա հետևից գնալ, երբ կդնի՝ կխոսենք, չնայած հակված եմ, որ մանդատը վայր չի դնի»,- արձագանքեց Վարդանյանը։
Նշենք, որ Անահիտ Բախշյանը հրաժարվել էր մեկնաբանել Դավիթ Խաժակյանի կողմից մանդատը վայր դնելու պարագայում նրան փոխարինելու հարցը։