Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անօթեւան մարդկանց ժամանակավոր օթեւանի տրամադրման մրցույթ է հայտարարել: Այն տեղի կունենա այս տարի՝ դեկտեմբերի 8-ին:
Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ անօթեւանները գուցե տեղաբաշխվեն 30, 30 եւ 40 հոգով տարբեր կացարաններում, ոչ թե 100 անօթեւան՝ մեկ վայրում: Բայց դա կախված կլինի մրցույթի արդյունքներից:
Մեզ հայտնի դարձավ, որ այդ մրցույթին մասնակցելու է նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը:
Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը Araratnews.am-ին ասաց՝ անցյալ տարի մրցույթը իրենց հիմնադրամն է շահել: «Եթե այս տարի կշահենք մրցույթը, ավելի լավ, եթե չէ, Աստված գիտի՝ 2020 թվին ով կպահի անօթեւաններին»,- ասաց տնօրենը: Հիմնադրամի տնօրենը միշտ խոսել է կառույցի ընդլայնման մասին, քանի որ դիմողների թիվը շատ է: Արդյոք պետությունը քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ: Դա, տնօրենի խոսքով, կախված է պետությունից. եթե 200 անօթեւանի մրցույթ կհայտարարարի, իրենք պատրաստ են դրան մասնակցելու:
Տնօրենի խոսքով՝ թե սոցապնախարարությունը, թե իրենց արտերկրի գործընկերները ստուգում են իրենց կառույցի աշխատանքը: Անօթեւանների ժամանակավոր կացարանի բնակիչները հաճախ են փոխվում: Այնտեղ են հանգրվանում արտերկրից վտարվածներ, սոցիալական ծանր վիճակում գտնվողներ, տունը կորցրածներ: Այս տարի կառույցն ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունից 3 անօթևանի, որից մեկը՝ ընտանիքի հետ, ընտանիքի անդամները տեղավորվել են ՄԱԿ-ի հանրակացարանում, այժմ կացարանում է բնակվում անօթևան՝ Գվինեայից։
Այս տարի «Կոֆոեդ» հիմնադրամը մասնակցում է նաև «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» մրցույթին։
Սոնա Դավթյան