Ազգային ժողովում այսօր անցկացվում են պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ելույթում ասաց, որ պետք է բացահայտել, ովքեր են Հյուսիսային պողոտայի տների սեփականատերերը:
«Այն, ինչ եղել է, մեր հետազոտություններով, ուղղակի ջարդել է ՀՀ քաղաքացու ողնաշարը: Մարդիկ հասկացել են, որ Հայաստանում օրենքը զրո է, օրենքին փոխարինողը նախագահի կամքն է, փողի կամքն է, և սեփականության իրավունքի պաշտպանությունը օրենքը չէ»,- ասաց Խառատյանը:
Նա նշեց, որ լուծում պետք է առաջարկվի, որը սոցիալապես արդար կլինի: Անհնար է այս խնդիրը թողնել բյուջեի վրա կամ մասնավոր լուծումներ առաջարկել:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ համոզված է, որ նախկինում Երևանում քաղաքաշինական ծրագրերով, այդ թվում «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով սեփականության իրավունքների զանգվածային ոտնահարումներ են եղել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնված պետության կողմից «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում Աբրահամյանը կարևորեց, որ նոր իշխանությունը այս առումով անտեսված գործերը վերաբացի և վերականգնի մարդկանց խախտված իրավունքները: