Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ծառայողների համազգեստի վրա ռուսերեն տառերով գրված է եղել «спецназ»։ Նրանք, ականատեսների վկայությամբ, խոսել են ռուսերեն լեզվով: Ինչով էր պայմանավորված այս հանգամանքը՝ փորձել է պարզել Araratnews.am-ի թղթակիցը՝ զրուցելով ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցչի հետ։ Նա նշել է.«Ոչ միայն ռուսերեն, այլ նաև հայերեն տառերով էլ կար, հատուկ նշանակության ջոկատի տղաներն են եղել»: Մեր թղթակցի այն պնդմանը, թե՝ մեր ձեռքի տակ եղած նկարներում միայն ռուսերեն է գրված, ոստիկանությունից պատասխանել է.«Մի կողմում ռուսերեն է, մյուսում՝ հայերեն»: Անդրադառնալով մեր թղթակցի այն պնդմանը, թե հիշյալ համազգեստով մարդիկ խոսել են ռուսերեն լեզվով, ոստիկանության աշխատակիցն արձագանքել է.«Բացառվում է»:
Տեսանյութը՝ 168.am-ի
Էմմա Պալյան