Ռեստորաններում եթե հաճախորդը ծխում է, ապա ադմինիստրատորը պարտավոր է զգուշացնել, որ ծխելն այդտեղ արգելվում է: Եթե տվյալ անձը շարունակում է ծխել, ապա կարող է միջամտել ոստիկանությունը և տուգանել։ Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Նանուշյանի խոսքով՝ հանրային վայրերը, ռեստորանները, սրճարանները պարտավոր են տարածքում տեսանելի վայրում փակցնել ծխելն արգելող ցուցանակներ:
«Տուգանքը քաղաքացու նկատմամբ տարբեր իրավիճակներում սահմանվելու է մինչև 50 հազար դրամի չափով: Եթե ռեստորանի ադմինիստրատորը չի զգուշացրել, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150-250 հազար դրամի չափով»,- ասաց նա:
Հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում նախատեսվում է տուգանք մինչև 750 հազար դրամի չափով:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն ընդգծեց, որ նախագիծը ծխողների դեմ չէ, այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը: Օրենքի նախագծում կան նաև դրույթներ, որոնք նախատեսում են աջակցություն ծխելը թողնել ցանկացող անձանց: