Կառավարության մամուլի կենտրոնում փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ներկայացնելով արտակարգ դրության պայմաններում կատարված աշխատանքները, պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցրեին:
Araratnews.am լրատվականի հարցին, թե վերջին օրերին նկատվում է փողոցներում մարդկանց շարժի ակտիվացում, բակերում կուտակումներ. ոստիկանությունն այս առնչությամբ ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել, Հայկ Մհրյանն ասաց.
«Պետք է արձանագրել հետևյալը, որ ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ -ում նույնպես, ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի նման համաճարակ կարող էր լինել, և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը: Ոստիկանությունը բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ»:
Փոխոստիկանապետը փողոցներում քաղաքացիների թվաքանակի աճն այսպես է բացատրում. «Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ, պարետի որոշումներով, որոշակի տնտեսվարող սյուբեկտների գործունեության ծավալները մեծացել են: Բնականաբար, մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի-աշխատանքից տուն»:
Թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, Հայկ Մհրյանն ասաց. «Տարվող աշխատանքները նույնն են: Ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական խնդիրները և կորոնավիրուսի շրջանակներում կատարվող խնդիրները»:
Հայկ Մագոյան