Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։
Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը հերքել է երեխային վրաերթի ենթարկելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ սա «հերթական շառն է»։
Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, թե 12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Նշենք, որ ՀՀ Ոստիկանությունը ուսումնասիրում է երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ Analitik.am-ի հրապարակած տեսանյութը։