տուն Քաղաքական Հայաստան Ոստիկանության ռեֆորմների հետ կապված՝ որոշակի դանդաղեցինք. Տիգրան Կարապետյան

Ոստիկանության ռեֆորմների հետ կապված՝ որոշակի դանդաղեցինք. Տիգրան Կարապետյան

213
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Արձնագրում ենք, որ պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ: Երկու օր է՝ մեր քննարկումների առանցքը նաև Արցախյան հիմնախնդիրն է, և վարչապետին բազմաթիվ հարցեր հնչեցին բանակցային պրոցեսից և այլն: Եվ երբ օբյեկտիվ նայում ենք մեր կառավարության պաշտպանության մասը՝ կարծում եմ, որ հնչած հարցերի բազմաթիվ պատասխաններ այդտեղ տեսնում ենք: 2019-ը, երբ ասում ենք, որ աննախադեպ էր՝ իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար: Չորս հիմնական ուղղություններով մենք լրջագույն արդյունքներ ենք գրանցել. սպառազինություն, ինժեներական կառույցներ, սոցիալական ոլորտ և ռազմարդյունաբերություն: Հիմա, օգտվելով առիթից, նաև կցանկանայի մանրամասն անդրադառնալ այս ոլորտներին, որովհետև այս քննադատությունը մեր գործադիրին, մեզ՝ որպես իշխող ուժ: Մեր ժողովրդի որոշակի հատվածի մոտ, ամեն դեպքում, տպավորություն թողնում է:

Ձեռք է բերվել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բազմաֆունկցիոնալ, գերժամանակակից կործանիչ ավիացիա: Հայաստանի զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն են ստացել իրենց մարտական գործողությունները պլանավորելիս՝ չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ… Մեր ՀՕՊ միջոցները ունակ են խոցելու հակառակորդի ցանկացած սպառազինության մեջ գտնվող թիրախ և ակնկալվող ու ձեռք բերվող թիրախները:

Առաջնագծում մեծածավալ աշխատանքներ են կատարվել ժամանակակից ինժեներական կառույցներ ունենալու համար… Վստահ եմ, որ 2020-ին այդ ծրագրերը շարունակական են լինելու, և մենք ունենալու ենք իսկապես ժամանակակից ու անխոցելի առաջնագիծ՝ ժամանակակից ինժեներական կառույցներով, կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերով և այլն:

Երբ խոսում էինք ռազմարդյունաբերության մասին, մեր ընդդիմախոսները՝ արտախորհրդարանական, որոնք մեծ մասամբ, կարելի է ասել, ձախողել էին մեր ռազմարդյունաբերությունը, ծիծաղով էին վերաբերվում այս ամենին. Հայաստանը սեփական արտադրության զենք ու սպառազինություն է ընդունում, որը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում: Ռազմարդյունաբերական համալիրը պատվերներ է իջեցնում այդ ընկերություններին առաջին անգամ՝ չունենալով վստահություն, որ բանակը կարող է ձեռք բերել: Սա՝ այն մասով, թե ինչ քայլեր են կատարվում արտահանման ուղղությամբ:

Սոցիալական ոլորտում և մեր զինծառայողների կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ հսկայական քայլեր են կատարված՝ սկսած զինվորական հոսպիտալի կապիտալ վերանորոգումից, աշխատավարձերից, Գորիսում, Վայոց ձորում, Սիսիանում, Գյումրիում կառուցված շենքերից, վերջացրած աշխատավարձերով և այլ սոցիալական ծրագրերով:

Իսկապես, 2019-ը աննախադեպ էր և կառավարության հնգամյա ծրագիրը՝ չնայած ճգնաժամին, չնայած կորոնավիրուսին, ես վստահ եմ, որ մենք իրականություն ենք դարձնելու:

Եթե խոսենք բացթողումներից՝ այո, մենք երևի որոշակի դանդաղեցինք Ոստիկանության ռեֆորմների հետ կապված՝ թեկուզ սա սուբյեկտիվ ընկալման հարց է: Սկսված են Ոստիկանության բարեփոխումները, և մենք ունենալու ենք Ոստիկանություն, որը պետք է ծառայի ՀՀ-ին ու նրա ներքին անվտանգության ապահովմանը»: