տուն Հասարակություն Իրավական Ոստիկանության մեքենաների փոխարեն՝ շտապ օգնության մեքենաներ. ՄԻՊ-ն արձագանքել է գործադիրի նախագծին

Ոստիկանության մեքենաների փոխարեն՝ շտապ օգնության մեքենաներ. ՄԻՊ-ն արձագանքել է գործադիրի նախագծին

258
0
Ոստիկանության մեքենաների փոխարեն հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղափոխվեն շտապ բժշկական ծառայության մեքենաներով․ Պաշտպանի առաջարկները Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին:
Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն: Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:
Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝
· խցերի մակերեսներին և չափերին,
· լուսաթափանցելիությանը,
· օդափոխությանը,
· ջեռուցմանը,
· ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:
ՀՀ կառավարության «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ այս հղմամբ: