տուն Քաղաքական Ոստիկանության հայտարարությունը նստացույցը վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է

Ոստիկանության հայտարարությունը նստացույցը վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է

203
0

Այսօր ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ քաղաքապետարանի դիմացի նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, ինչի համար բերման է ենթարկվել: Araratnews.am-ի հետ զրույցում Վահագն Մինասյանը հերքեց այս ամենը՝ ոստիկանության հայտարարությունը որակելով որպես հերթական անհաջող փորձ՝ նստացույցի պրոցեսը վարկաբեկելու համար. «Ասածներս կարող են փաստել և կամ հիմնավորել քաղաքապետարանի և հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրությունները և նստացույցի մասնակից Կարեն Հարությունյանը»:

-Իսկ որտե՞ղ էր գտնվում ոստիկանը այդ պահին:

-Ոստիկանության հատուկ գումարտակի ոստիկանները գտնվում էին իրենց ծառայողական մեքենայի մեջ, երբ մոտեցա քաղաքապետարանի աստիճաններին, ոստիկանության ենթասպան դուրս եկավ ավտոմեքենայից և հարցրեց, մեջբերոմ եմ.«ինչ որ խնդիր կա՞», ասացի՝ ոչ, պարզապես նայում էի ոստիկաններ կա՞ն դրսում կանգնած, թե ոչ։ Ասաց, որ ինքն է դրսում կանգնած ոստիկանը, իսկ ես փաստեցի, որ նա մեքենայի մեջ էր: Քիչ անց մեքենայի պատուհանից ոստիկանության հատուկ գումարտակի սպա, կապիտան Գեղամ Խաչատրյանը ագրեսիվ տոնով հարցրեց, մեջբերում եմ. «Դո՞ւ պտի որոշես ոստիկան լինի դրսում, թե ոչ, դո՞ւ պտի ասես մենք ինչ անենք»: Ես հակադարձեցի` ասելով, որ ուղղակի նայեցի, դրսում ոստիկան կա, թե ոչ…

— Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ բերման ենթարկեցին:

-Նա` Գեղամ Խաչատրյանը, իջավ մեքենայից , կանգնեց ներքևում ու սկսեց բղավել, որ ոչ մեկ պարտավոր չէ դրսում լինել և հսկել մեր անվտանգությունը, բարձրանալով վերև, նույն ագրեսիվ տոնով ավելացրեց, որ կարգի է հրավիրում ինձ, իսկ ես ասացի, որ դրա կարիքն ամենևին չկա և բարի ծառայություն մաղթեցի, ինչից հետո ինձ հրավիրեցին ոստիկանական բաժին` անհիմն կերպով սահմանափակելով ազատությունս: Չեմ հերքում այն հանգամանքը, որ օգտագործել եմ ալկոհոլային խմիչք, սակայն գտնվել եմ բացարձակ սթափ վիճակում, չեմ բղավել և առավելևս անհարգալից չեմ եղել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, ինչը կարող են փաստել տեսախցիկների տեսաձայնագրությունները:

-Բռնի՞ բերման են ենթարկել, թե՞ հրավիրել են ոստիկանություն:

-Հրավիրեցին, մերժեցի գնալ, ասացին բերման ենք ենթարկում, գնացի, ուժ չեն կիրառել, քանի որ որևէ դիմադրություն ցույց չեմ տվել։ Պահանջել եմ ներկայացնել իրավական հիմքերը, ինչին ի պատասխան ասել են, որ բաժնում կներկայացնեն: Ինքնուրույն քայլել, նստել եմ մեքենան:

-Սա առաջի՞ն դեպքն է, երբ դրսում հերթապահող ոստիկաններ չեն եղել:

-Ոչ, բազմիցս եղել են նման դեպքեր, ինչը ևս կարող են փաստել քաղաքապետարանի և հարակից տարածքի տեսախցիկների տեսաձայնագրությունները:

-Ոստիկանության կողմից միջադեպը նկարահանվել է՞:

-Ոչ, բնականաբար, քանի որ դա կլիներ հենց նրանց անհիմն հայտարարության հակափաստարկը:

Դիանա Մանասերյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here