Կարծում եմ՝ շատերն արդեն կարդացել են, որ այսօր ոստիկանները բռնություն են կիրառել Hraparak.am-ի լրագրողի նկատմամբ: Այսօրվա մեծածավալ բողոքի ակցիաներին նույնպես ծանոթ եք. Hraparak.am-ն ուղիղ ռեժիմով լուսաբանում է դրանք: Այժմ պատմեմ բուն կատարվածը:
Կառավարության շենքի դիմացից ակտիվիստները շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, որտեղից ցանկանում էին մտնել Մաշտոցի պողոտա եւ գնալ բողոքի ակցիան շարունակելու Բաղրամյան 26-ի առջեւ:
Տեսնելով, որ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը՝ որոշեցի Արամի փողոցով դուրս գալ Մաշտոցի պողոտա եւ գնալ Ամիրյան փողոց: Այդպիսով, հայտնվեցի ոստիկանների հետեւում: Նկատեցի, որ ոստիկանները բռնի ուժով մեքենան են նստեցնում Վարդգես Գասպարիին, վազեցի, որ տեսագրեմ: «Հրեշտակները» հայտնվեցին դիմացս, ասացի՝ լավ, մյուս կողմով կանցնեմ: Այդ պահին ոստիկանները կրկին բռնի ուժով մեքենան էին նստեցնում Լեւոն Բարսեղյանին: Տեսախցիկս պարզեցի, որ նկարեմ, առջեւումս հայտնվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով առանց որեւէ բան ասելու ձեռքիցս խլեց տեսախցիկը: Այդ պահին ոստիկանական մեքենայից երկու հոգի դուրս եկան եւ ինձ էլ առեւանգեցին: Մեքենայոմ էին նաեւ Դանիել Իոաննիսյանը, 15 եւ 17 տարեկան երկու անչափահաս, եւս երկու աղջիկ եւ 3 ակտիվիստ:
Մինչ հեռախոսով փորձում էի Hraparak.am-ին պատմել, թե ինչ է կատարվում, ավտոմեքենայում խառնաշփոթ սկսվեց. ոստիկաններն սկսեցին դաժանորեն ծեծել կողքս նստած 2 հոգուն, հաջորդ պահին մի հարված էլ ինձ հասավ: Սերոժիկ անունով ոստիկանական հագուստով մի լպրծուկ ներս մտավ ու հարվածեց ծնոտիս:
Մանրամասները` hraparak.am կայքում: