ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ:
Նաև նշված քաղաքացուց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Տ. Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ևս ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ:
Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին:
Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:
Քրեական գործի շրջանակներում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»: