Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Ագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա Պետրոս Պետրոսյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 MՏ 152 համարանիշի ավտոմեքենայով և ոստիկանների ու քննիչների ձեռնարկած միջոցառումների ու տարած բացատրական աշխատանքների արդյունքում Պ. Պետրոսյանը նշված ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: