«Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոփառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին:
Այն այս տարի ստացել է ավելի քան 1500 հայտ՝ աշխարհի 101 երկրից: Կինոփառատոնի մեկնարկին ընդառաջ՝ այսօր կազմակերպիչներն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել էին լրագրողների հետ:
«Ոսկե ծիրանը» մեզանում ամենասպասված և ամենասիրված և ամենավառ մշակութային իրադարձություններից է: Անշուշտ, ես՝ որպես մշակույթի նախարար, շատ բարձր եմ գնահատում այս փառատոնի ներկայությունը մեզանում, որովհետև կարծում եմ, որ փառատոնը շատ բազմաբովանդակ խնդիրներ է լուծում: Փառատոնը, տարեցտարի ընդլայնվելով, իրենով փակեց մի հսկայական դաշտ, որը իր էությամբ դուրս է մշակութային ոլորտից: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ այս փառատոնի շրջանակում հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենում: Զուգահեռաբար մեզ ներկայացվում են միջազգային մրցույթներում հաղթած ֆիլմեր»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Փառատոնը կշարունակենք ավելի մեծ պահանջներով և մեր նկատմամբ, և մեր կատարած աշխատանքի նկատմամբ: Ամեն տարի թվում է, թե սա վերջն է և սրանից ավել երկրներ չեն մասնակցի: Բայց տարեցտարի և´ հայտերն են ավելանում, և´ տուրիստներն են ավելանում: Մենք ունենք նպատակ, որ հայ կինոն մտցնենք համաշխարհային կինոյի շարքի մեջ»,- իր խոսքում ասաց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: