Այսօր առավոտյան Հունաստանի իրավապահները ձերբակալել են «Ոսկե արևածագ» աջ ծայրահեղական կազմակերպության ղեկավարին, 5 պատգամավորների և կուսակցության տարածքային 30 ղեկավարների։ Հունաստանի իշխանությունները նրանց մեղադրում են մի շարք հանցանքների մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել վաղ առավոտյան, ինչից հետո կուսակցությունը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոցներ և ապստամբել Հունաստանի իշխանությունների դեմ։
«Այսօր առավոտյան ձերբակալվել է կուսակցության ղեկավար Նիկոս Միխալոլիակոսիսը, առնվազն 3-4 պատգամավոր և կուսակցության 30 անդամ։ Նրանք բերման են ենթարկվել Ատիկայի ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր գործունեություն իրականացնելու մեջ։ Կոչ ենք անում մեր կողմնակիցներին դիմադրություն ցուցաբերել այս անօրինական գործողություններին», — ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Տեղեկացնենք, որ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ոսկե արևածագ» կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 7 տոկոսը և 300 հոգանոց խորհրդարանում ունի 18 տեղ։ «Ոսկե արևածագ»-ի դեմ իրավապահների գործողությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Հունաստանում սպանվել էր հակաֆաշիստական շարժման կողմնակիցներից մեկը։