Ոչ մի զորամիավորում կամ նավ չի ենթարկվել ռուսական զինվորականների վերջնագրին՝ հանձնել զենքը և երդում տալ «Ղրիմի ինքնակոչ կառավարությանը» կամ լքել ծառայութոյւնը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ հղում կատարելով Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարությանը։
Նույն աղբյուրի համաձայն՝ բացի նախկին ղեկավար Դենիս Բերեզովսկու, դասալքության այլ դեպքեր Ուկրաինայի զինված ուժերում չկան։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ուկրաինայի զորամիավորումները Ղրիմում շրջապատվել են ռուսական զորքերի կողմից։ Նրանք շատաժի են ենթարկում ուկրաինացի զինվորականներին՝ պահանջելով հանձնել զենքը կամ անցնել ինքնակոչ Ղրիմի կառավարության ենթակայության տակ։