«Ներկայումս մենք սակավ տեղեկատվություն ունենք Վիլնյուսի գագաթնաժողովի և դրան Հայաստանի մասնակցության մասին: Եղել են իհարկե պաշտոնական հայտարարություններ այն մասին, որ կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, որում կշեշտվի, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրոպայի հետ դեմոկրատական արժեքների կիրառման ու զարգացման, մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլ ոլորտների ուղղությամբ: Նշվում է որ , եթե իհարկե ստորագրվի այդ փաստաթուղթը, այն լինելու է քաղաքական բնույթի: Հայաստանյան իշխանությունները հաճախ են շեշտում այս փաստը` նշելով, որ ի վերջո, առավել կարևոր է համաձայնագրի քաղաքական դրույթները և ոչ թե տնտեսականը: Սակայն այս առումով պետք է նշենք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, որը հենց քաղաքական կառույց է և որի շրջանակներում էլ կարելի էր առանց որևէ խնդրի զարգացնել վերոհիշյալ ուղղություններով համագործակցությունը և դրա համար նոր փաստաթղթի անհրաժեշտություն պարզապես չկա, ուստի այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ինչ էլ որ ստորագրվի Վիլնյուսում, այն լինելու է մի քանի մակարդակ ավելի ցածր համաձայնագիր` համեմատած նրա հետ, թե ինչ պետք է նախաստորագրեր Հայաստանը Ասոցացման և Խորն ու համապարփակ առևտրի վերաբերյալ նախատեսվող համաձայնագրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
Բանախոսը շեշտեց, որ Հայաստանի կտրուկ շրջադարձը դեպի Մաքսային միություն պայմանավորված էր ռուսական ճնշմամբ, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ հայաստանյան իշխանությունների լեգիտիմության պակասը հնարավորություն չընձեռնեց նրանց որևէ կերպ դիմադրություն ցույց տալ այդ ճնշումներին. «Քանի դեռ իշխանությունը չունի լեգիտիմություն, այդ իշխանությունից ոչինչ պետք չէ ակնկալել»,- շեշտեց փորձագետը: Պատասխանելով լրագրողների հարցերին, Էդգար Վարդանյանն ասաց, որ Հայաստանը մեծ հաշվով չունի արտաքին քաղաքականություն, քանի որ վերջինս թելադրվում է պաշտոնական Մոսկվայի կողմից: