ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով ոչ իշխանական չորս ուժերը միավորվել են, քանի որ բոլորն ել հասկանում են, որ այս տեմպերով երկիրը գնում է դեպի կործանում.«Չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն և գաղափարախոսկան, և քաղաքագիտական, և մեթոդաբանական հարթություններում: Ուժերի մի մասը ավելի արմատական, եթե կուզեք ավելի հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, իսկ մյուս մասը ավելի շրջահայաց և դանդաղ քայլերի կողմնակից, բայց բոլորիս միավորում է միևնույն անհանգստությունը»,-այսօր Ազգային Ժողովում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Լևոն Զուրաբյանի համոզմամբ ոչ իշխանական կուսակցությունների համատեղ հայտարարությունը երկրի առաջ ծառացած մարտահրավերների արդյունք է և ոչ իշխանական բոլոր ուժերը հասկանում են, թե ինչպիսի ծանր ժամանակաշրջան է երկրի համար.« Սա հնարավորություն է ոչ իշխանական ուժերին համախմբել մեկ միասնական ռազմավարության շուրջ, ինչպես նաև ժողովրդի լայն զանգվածներին ներգրավել որոշումների կայացման գործընթացին»,-ասաց պատգամավորը: