տուն Քաղաքական Վերլուծական Ոչ թե քննադատություն, այլ՝ հրաժարական

Ոչ թե քննադատություն, այլ՝ հրաժարական

329
0

varcgԱյսօր կառավարությունը ներկայացրեց 2014-ի պետբյուջեն, որը վարչապետի ձևակերպմամբ լինելու է սոցիալական ուղղվածության, նկատի են առնվելու սոցիալապես անապահով թիրախային խմբերը և այլն: Բյուջեի նախագծում որպես ուրախալի փաստ նշվեց այն, որ չի նախատեսվում հարկային բեռի ավելացում:  Փաստորեն առկա իշխանությունը կամ կառավարությունը (ըստ էության սրանք նույնական են) փորձում են իրենց ձախողումները «սվաղել»,  նշելով, որ հասարակության ու քաղաքացիների դեմ ուղղված քայլեր չեն անելու: Իրականում սակայն, առաջիկա պետբյուջեն, ինչպես և կառավարության գործունեության ծրագիրն իրենից ներկայացնում է ընդամենը նկարագրողական, բարի ցանկությունների ձեռնարկ, որն արդեն բացարձակապես հավատ չի ներշնչում: Բյուջեի նախագծով ամրագրվեց, որ աշխատավարձերի ընդհանուր բարձրացում չի լինելու հունվարի մեկից, այսինքն, կարճ ասած, Սերժ Սարգսյանի խոստումն ի կատար չի ածվի: Բարձրանալու են միայն ուժայինների աշխատավարձերը, այն էլ դեռևս անհայտ չափով ու մեխանիզմով: Տպավորությունն այնպիսին է, որ հայաստանյան հասարակության ամենաթիրախային ու անապահով խավերը պատգամավորներն են, բարձրաստիճան պաշտոնյաները ու ուժայինների աշխատակիցները, քանի որ վերջիններիս աշխատավարձերը բարձրանալու են առաջին հերթին: Վարչապետը կոչ է արել նաև խիստ չլինել քննադատություններ հնչեցնելիս:

Սա թերևս հաջորդ զավեշտն է, որ մատուցում է կառավարությունը: Հերթական անգամ մենք տեսնում են, թե ինչպես ցանկացած երևույթի և իրողության պարագայում շեշտը դրվում է ձևի և ոչ թե բովանդակության վրա: Կարելի է խիստ չլինել քննադատելիս, կարելի ընդհանրապես չքննադատել ո՛չ կառավարությանը, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ նախագահին, բայց դրանից երկրում տիրող իրականության պատկերը չի փոխվելու: Տպավությունն այն է, որ վարչապետը առաջ է տանում Սերժ Սարգսյանի` գաղջ մթնոլորտի մասին շրջանառության մեջ դրած մոտեցումը: Հայաստանում ամեն ինչ արվում է քննադատությունից խուսափելու կամ ընդդիմանալու համար, ընդ որում, արվում է ոչ թե գործնական հարթությունում, այսինքն վերացվում է քննադատության պատճառ հադիսացած խնդիրը, այլ պարզապես լռեցվում են քննադատող ձայները` մի մասին կաշառելով, մյուսներին պաշտոն տալով, մի մասին էլ վախեցնելով ու շանտաժով: Ինչևէ, առաջիկայի բյուջեով նախատեսվում է նաև կենսաթոշակների բարձրացում: Ներկայումս շատ դժվար է մտաբերել որևէ բյուջեի կամ կառավարության ծրագրի նախագիծ, որում չնախատեսվեր կենսաթոշակների, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացում։ Թե ինչպիսի բարձրացումներ են լինում՝ բոլորս ենք ականտես, թե ինչքանով է կառավարությունը հաջողում իր ծրագրերը՝ նույնպես բոլորս տեսնում ենք։ Ուստի, ինչ-որ տեղ վարչապետն իրավացի է, պետք չէ քննադատել կառավարությանը, պետք է ընդամենը պահանջել կառավարության և ընդհանրապես իշխանության հրաժարականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here