Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ միայն այս տարի նախորդ տարվա համեմատ հանրապետությունում 26 տոկոսով ավելացել է հացահատիկի արտադրության ծավալները:
Նա նշել է, որ դա Հայաստան ներկրված և գյուղացիներին հատկացված ցորենի սերմացուի ծրագրի արդյունքն է: Նախարարն ասել է, որ սերմերի փորձարկման համար բյուջեից գումարներ են հատկացվում, որպեսզի որակյալ սերմացու հատկացվի գյուղացիներին: Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում 6.5-7 տոկոս աճ կլինի, իսկ հաջորդ տարվա համար 5.5-6 տոկոսանոց աճ են կանխատեսում:
Պատգամավորների՝ մատչելի գնով գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի անորակ լինելու մասին հարցին գյուղնախարարը պատասխանել է. «Ոչ մեկի կողմից մենք բողոք չենք ստացել այսօր, մենք այդ դիզվառելիքը ձեռք ենք բերում էն տնտեսությունից, որն ամենաբարձր որակի վառելիք է մատակարարում այսօր»: Սերգո Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների ծրագրերն ինքն արդյունավետ է համարում:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ասել է, որ Սյունիքի մարզի գյուղացիներից իրենք բողոքներ են ստացել, որ ոչխարների արտահանման ոլորտում մենաշնորհ կա, գյուղացիները չեն կարողանում ոչխար արտահանել Վրաստան ու Իրան: Պատգամավորը նաև նկատել է, որ այս ոլորտի բիզնեսի հետ Սաշիկ Սարգսյանի անունն է կապվում:
Սերգո Կարապետյանն ի պատասխան ասել է. «Մենք շատ մեծ արոտավայրեր ունենք: Այսօր հանրապետությունում նպաստավոր պայմաններ են, որը բերում է անասնագլխաքանակի ավելացմանը: Ոչ մի մոնոպոլիա չկա, եթե ցանկութուն ունեք զբաղվել այդ բիզնեսով, ես պատրաստ եմ ձեզ օգնել: Գյուղատնտեսության ոլորտում ընդհանրապես մոնոպոլիաներ չկան»: Սերգո Կարապետյանը նաև Զարուհի Փոստանջյանից հետաքրքվել է. «էդ ո՞նց է, ձեզ բողոքում են, մեզ չեն բողոքում»:
Էմմա Պալյան