տուն Լուրեր Ողբերգական վթար Հրազդանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական վթար Հրազդանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

285
0

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի և Վարդան Դավթյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան 2 տեղանի է և նախատեսված է 2 հոգու համար, սակայն ավտոմեքենայում եղել են 4 հոգի: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: