65–ամյա վարորդն ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, սակայն բեռնատարը սկսել է ինքնուրույն ընթանալ։
Երեկ՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Բեռնատար ավտոմեքենայի անվադողի տակ մարդ է ընկել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։
Ավտոմեքենան, սակայն, սկսել է ինքնուրույն ընթանալ, և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում նա ժամեր անց մահացել է առանց գիտակցության գալու։