տուն Հասարակություն Կրթություն Ոլորտում նաև աշխատում են մարդիկ, ովքեր որակավորում չունեն. փորձագետ

Ոլորտում նաև աշխատում են մարդիկ, ովքեր որակավորում չունեն. փորձագետ

386
0

Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթի օրը նշվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work)։

Սոցիալական աշխատողի մասնագիտության և Երևանի պետական համալսարանի համանուն բաժնի նկատմամբ ուսանողների ցուցաբերած պահանջարկի մակարդակի մասին AraratNews.am-ը զրուցել է ԵՊՀ սոցիալական աշխատանքի բաժնի դասախոս Լուսինե Քարամյանի հետ:

Լուսինե Քարամյանը համաձայն չէ շրջանառվող այն կարծիքի հետ, որ սոցիալական աշխատողը աշխատավարձի պատճառով նախապատվությունը պետականի փոխարեն տալիս է ՀԿ սեկտորին: Դասախոսը կարծում է, որ եթե տվյալ անհատն ամբիցիաներ, ձգտում ունի, ապա կարող է սոցիալական աշխատանքով պրոֆեսիոնալ կարիերա կառուցել: Լուսինե Քարամյանը նկատի ունի ընդհուպ սոցիալական քաղաքանության մեջ ներառված և մակրոպրակտիկայի մեջ ներգրավված սոցիալական աշխատողներին. այսինքն՝ նրանք միայն այն մարդիկ չեն, որոնք անմիջական ծառայություն են մատուցում դրա կարիքն ունեցողին, այլ նաև նրանք են, ովքեր տարբեր ծրագրերի, ռազմավարությունների մշակմանն են մասնակցում, շահապաշտպանությամբ են զբաղվում, վերլուծում են սոցիալական ոլորտում առկա ծրագրերը, օրենքները և այլն: Այսինքն՝ աշխատանքը շատ լայն սպեկտոր ունի: Սոցիալական ոլորտի կառավարիչ լինելն էլ է ենթադրում այդ գիտելիքն ունենալը: Սոցիալական աշխատողը կարող է իր կարիերան կառուցել այնպես, որ ինքը լինի սոցիալական ոլորտի կառավարիչ՝ մենեջեր:

«Եթե մենք վերջին տարիների դինամիկային նայենք, ապա ուսանողներն ավելի նպատակաուղղված են գալիս, որովհետև հաճախ գալիս են նաև շրջանավարտների հարազատներ, քույրեր, բարեկամներ և այլն: Եվ ստացվում է, որ իրենք արդեն իրազեկված և ընտրություն կատարած են գալիս: Սա՝ եթե մենք խոսում ենք բակալավրիատի մասին: Եթե մենք խոսում ենք մագիստրատուրայի մասին՝ առավել ևս, այսինքն՝ այս տարիներին արդեն մագիստրատուրա չեն գալիս ինչ-որ այլ տեղ չգնալու կամ իներցիայով կրթությունը շարունակելու պատճառով, այլ գալիս են կոնկրետ ընտրություն կատարած, մոտիվացված ուսանողներ: Ընդ որում, մագիստրատուրա գալիս են տարբեր բուհերից, մինչդեռ մի քանի տարի առաջ ընդունվում էին այն նույն ուսանողները, ովքեր ավարտում էին համապատասխան ֆակուլտետը»,- անդրադառնալով ԵՊՀ սոցիալական աշխատանքի բաժնի դիմորդների դինամիկային՝ ընդգծեց Լուսինե Քարամյանը:

Լուսինե Քարամյանը, խոսելով մասնագիտության հասարակական ընկալումների մասին, նշեց, որ մասնագիտության իմիջի տեսանկյունից դեռևս անելիքներ կան:

«Եվ այստեղ մի քանի գործոններ կան, թե ինչու մենք առայժմ չունենք համընդհանուր ադեկվատ ընկալում այդ մասնագիտության նկատմամբ: Նախ կնշեմ, որ ոլորտում աշխատում են և այդ հաստիքները զբաղեցնում են նաև մարդիկ, որոնք համապատասխան որակավորումը չունեն, դիպլոմը չունեն: Ոչ միայն դիպլոմը. ժամանակին մենք խոսում էինք դիպլոմ ունեցողների և չունեցողների տարբերակման մասին, այսօր ես ավելի շատ նշում եմ կոմպետենտ և ոչ կոմպետենտ տարբերակումը: Այնուամենայնիվ, դա շատ մեծ ազդեցություն է թողնում մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի և իմիջի հետ կապված: Երկրորդ՝ որ ծառայությունների մատուցման պրոֆեսիոնալիզացիայի հարցը կա: Եվ հուսանք, որ երբ օրենքը կընդունվի՝ սոցիալական աշխատանքի վերջնական օրենքն ընդունվի և գործի, ապա կարծում եմ, որ այդ հարցին էլ լուծում կտանք:

Եվ վերջապես՝ սոցիալական աշխատանքի դերի ընկալումը. գիտեք՝ մասնագիտության անվանումը բավականին ունիկալ է և տարբերվում է մեզ հայտնի բազմաթիվ մասնագիտություններից: Դրա համար, երբ շատ հաճախ ասում են՝ սոցիալական աշխատողի կողմից իրականացված աշխատանքները կամ իականացվող սոցիալական աշխատանքը, ես միշտ ընդհատում եմ և ասում. դուք երբևէ ասո՞ւմ եք իրականացվող բժշկական աշխատանքը, իրականացվող հոգեբանությունը, իրականացվող իրավագիտությունը՝ չէ, չէ՞: Ուրեմն՝ այս դեպքում աշխատանք բառն իրականացվող աշխատանքների հետ պետք չէ նույնացնել և մասնագիտության անվանումը չաղավաղել: Այ, երբ որ մենք կսկսենք եզրույթները կիրառել և նույնը պահանջել նաև մյուսներից, կամաց-կամաց կգանք նրան, որ մասնագիտությունը կունենա այն ընկալումը, որ պետք է»,- նկատեց դասախոսը:

Լուսինե Քարայանը նշեց, որ ԵՊՀ սոցիալական աշխատանք բաժնում համապատասխան մասնագիտությունը ստացած անձինք նաև համալրում են պետական ապարատը: Առհասարակ, այս բաժնի շրջանավարտները կարող են աշխատել ինտեգրված սոցիալական ծառայություններում, ՀԿ-ներում, սոցիալական պաշտպանության և խնամքի հաստատություններում և սոցիալական ոլորտի այլ կազմակերպություններում: Օրինակ, դեռևս 2005 թվականից մանկատներում սոցիալական աշխատողի հաստիք է առկա: Տարեցների տուն-ինտերնատներում, դպրոցներում, որոշ հիվանդանոցներում նույնպես կան սոցիալական աշխատողներ։ Մասնավոր սեկտորում այս մասնագիտությունն ունեցողները դեռևս ներգրավված չեն, քանի որ այն ավելի շատ վճարունակ զանգվածի համար է: