Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:
«2019 թվականի փետրվարին մենք այստեղ հաստատեցինք կառավարության հնգամյա ծրագիրը՝ 2019-2023 թթ. համար: Եվ 2019 թ., ըստ էության, այդ հնգամյա ծրագրի մի մասն է, քայլերից մեկը՝ առաջինը, որը պետք է արվեր… Ես հիշում եմ, որ ամենալուրջ քննադատությունները հետևյալն էին, որ ծրագիրը հեղափոխական չի և երկրորդ՝ ծրագիրը թիրախային ցուցանիշներ չի պարունակում՝ մասնավորապես տնտեսական ցուցանիշների առումով: Եթե հիշեք 72 էջանոց զեկույցում թիրախային թվային ցուցանիշները քիչ էին: Նշվում էր, որ տնտեսությունը պետք է աճի միջինը տարեկան առվազն 5 տոկոսով, նշվում էր, որ արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 43-45 տոկոսին, նշվում էր նաև, որ պետք է հիմնական միջոցների կուտակումը, այսինքն՝ ներդրումների մասին է խոսքը, հասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոս մակարդակին, և կային արդեն որոշ ոչ թվային ցուցանիշներ. աղքատության կրճատման, գործազրկության նվազման և այլ ցուցանիշների գծով: Հիմա ես ընդհանուր ներկայացնեմ էն ցուցանիշների հետ կապված առաջընթացը, որը թվային էր և կարելի հասկանալ՝ հաջողություն ունեցել ենք, թե ոչ. 2019 թ. ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական աճ: Դա տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական ցուցանիշն էր ու սա այն դեպքում, երբ որոշ տնտեսագետներ կանխատեսում էին, որ 2019 թ. մեր տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ: Էդպես չեղավ, հետո եկավ քննադատությունների հաջորդ ալիքը, որ էս տնտեսական աճը առողջ չի և էդ տնտեսական աճը պայմանավորված է հիմնականում մեքենաների առևտրով և բուքմեյքերական ընկերություններով: Եթե նայում ենք, թե որ ոլորտներն են նպաստել 7,6 տոկոսանոց աճին՝ առաջին տեղում մշակողն է՝ 1,36 տոկոս, երկրորդ տեղում՝ ֆինանսական և ապահովագրության ոլորտները, հետո արդեն առևտուրը, հանքարդյունաբերությունը և այլն: Բուքմեյքերական ընկերություններ՝ զվարճանքի ոլորտը էտ 7,6 տոկոսի մեջ ընդամենը 0,5-0,6 տոկոսով է մասնակցություն ունեցել»,- իր ելույթում նշեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: