Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ-ն ներկայացնող, ազգությամբ հայ բռնցքամարտիկ Միխայիլ (Միշա) Ալոյանը դարձել է համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի Ոսկե տիտղոսակիր: Հաղթական մենամարտից հետո Միշան հայտարարել է, որ պատրաստ է միջազգային մրցաշարերում հանդես գալ չեզոք դրոշի ներքո, եթե նման պահանջ լինի:
«Եթե նախագահը ասի, որ պետք է գնալ միջազգային մրցումների, ապա պետք է մոռանալ քաղաքականությունը եւ մասնակցել»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Ալոյանը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում՝ Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանն իր հերթին Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում կարող է բողոքարկել WADA-ի որոշումը:
Մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։