տուն Լուրեր Ո՞ր դեպքում եզդիները կկարողանան ինքնավարություն ստեղծել

Ո՞ր դեպքում եզդիները կկարողանան ինքնավարություն ստեղծել

233
0

big_c11460753

Ինչպես հայտնի է Իրաքում բնակվող 1 500 000-անոց եզդիական համայնքը հայտնվել է դժվարին կացության մեջ: Այդ ժողովուրդը լինելով Իրաքի բնիկ ժողովուրդներից մեկը՝ զրկված է մի շարք իրավունքներից: Այս հարցի վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց  իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

— Պարոն Ոսկանյան, Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո, այդ երկրիը բաժանվեց մի քանի մասի, ինչու՞ իրաքաբնակ եզդիներն ու ասորիները չստացան որևէ կարգավիճակ:

— Հայերիս հետ դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների ինքնավարության խնդիրը հետսադդամյան Իրաքում , ցավոք, գրեթե մշտապես բախվել է մի շարք արտաքին և ներքին դժվարությունների:

Դրանցից ամենակարևորներն են՝ Հյուսիսային Իրաքում միջազգային ուժային կենտրոնների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի, փաստացի անտարբերությունը խնդրի հանդեպ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տարածքում, որպես ամերիկացիների դաշնակից, իրական ուժ մինչ այժմ դիտարկվել է փաստորեն միայն քրդական ռազմաքաղաքական գործոնը, մինչդեռ ասորիները, եզդիները և շաբաքները համարվել են Իրաքի հյուսիսում սահմանափակ հնարավորություններ և լուսանցքային դերակատարում ունեցող ժողովուրդներ:

Արտաքին մյուս կարևոր դժվարությունը քրդերի կողմից շատ դեպքերում նշված ժողովուրդների սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքների չճանաչումն է, եթե չասենք ոտնահարումը, որը պայմանավորված է նաև արտաքին օժանդակությամբ տարածքում քրդական էթնիկ-քաղաքական գերակայության հասնելու գերակայությամբ, ինչն հաճախ ուղեկցվել և ուղեկցվում է միջազգային հանրության լռելյայն համաձայնությամբ, ասորիների, եզդիների և շաբաքների հանդեպ կիրառվող հալածանքներով և վերջիններիս տարրական իրավունքների ոտնահարմամբ: Այս տեսանկյունից, պակաս վտանգ չեն ներկայացնում նաև տարբեր ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների անհանդուրժողական վերաբերմունքը այլադավանների և այլէթնիկ հանրույթների հանդեպ, որոնցից են նշված ժողովուրդները:

Ներքին հիմնական խնդիրները, նախևառաջ, հանգում են ասորիական և եզդիական համայնքների ներսում տարբեր հասարակական-քաղաքական հոսանքների առկայությամբ պայմանավորված ներհամայնքային տարաձայնություններին: Թվում է, թե միևնույն կենտրոններից եկող ճնշմանը և մարտահրավերները դիմագրավող և միմյանց հարևանությամբ բնակվող երկու ժողովուրդները պետք է շատ սերտ համագործակցեին, սակայն իրականում այդ համագործակցությունը հնարավոր նվազագույնի սահմաններից այդպես էլ դուրս չի գալիս և չի ընդլայնվում: Մյուս կարևոր հանգամանքը Իրաքի հյուսիսի տարածքային բաժանումն է, ըստ որի, օրինակ, եզդիների մի հատվածը հայտնվել է Քրդական ինքնավարության, իսկ մյուս հատվածը բուն Իրաքի տարածքում: Իրաքում բնակվող եզդիների պարագայում լրացուցիչ դժվարություն է հարուցում այն հանգամանքը, որ չնայած եզդիական տարբեր կազմակերպությունների պահանջներին, այս ժողովուրդն Հյուսիսային Իրաքում դեռևս չի ճանաչվում որպես քրդերից առանձին էթնիկական միավոր: Կան այլ հիմնահարցեր ևս:

— Ի՞նչ կարգավիճակում են եզդիաբնակ շրջանները:

— Արդեն նշեցի, որ եզդիաբնակ տարածքները, որտեղ, ի դեպ, գտնվում են համաշխարհային եզդիականության հոգևոր կենտրոնները, փաստորեն բաժանված են քրդական ինքնավարության և բուն Իրաքի միջև: Այս տեսանկյունից դրանք ներկայում որևէ առանձին կամ հատուկ կարգավիճակ չունեն: Սակայն «Բարեփոխումների և առաջընթացի եզդիական շարժում» կուսակցությունը, որն, ի դեպ, սեփական պատգամավորով (Ամին Ֆարհան) ներկայացված է նաև Իրաքի կենտրոնական խորհրդարանում, բավական ակտիվ պայքար է մղում Նինվեում համատեղ ասորաեզդիական ինքնավարության ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, ուշագրավ է այն, որ նշված եզդիական քաղաքական ուժը, որն, ի դեպ, դատելով ընտրություններում հավաքած ձայներից, վայելում է բուն Իրաքի եզդիների բացարձակ մեծամասնության վստահությունը, ժամանակին իր օժանդակությունն էր հայտնել ասորա-խալդեական կուսակցությունների «Կունաշա» դաշինքի նախաձեռնությանը Նինվեի դաշտավայրում Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ առանձին նահանգի ստեղծման նախաձեռնությանը, որը պետք է կորիզը հանդիսանա ապագա ինքնավարության: Ես չեմ բացառում, որ լուրջ և համակարգված աշխատանքի դեպքում Իրաքի տարածքում ասորաեզդիական ինքնավարությունը ունի կյանքի կոչվելու լուրջ շանսեր:

Ցավոք, այսօր Իրաքում բնակվող եզդիները իրենց իսկ հայրենիքում կանգնած են ոչ միայն լուրջ հասարակական-քաղաքական և ինքնության մարտահրավերների, այլ նաև ուղղակի ֆիզիկական ոչնչացման կամ պարտադրված վտարանդիության վտանգի առջև:

— Ի՞նչ կարող են անել, այլ երկրներում հաստատված եզդիական համայնքերը` իրենց պատմական հայրենիքում ապրող եղբայրներին օգնելու գործում:

— Կուզեի իմ տեսակետը հայտնել ՀՀ-ում բնակվող եզդիական համայնքի կողմից Իրաքում բնակվող և, ի դեպ, մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ համակրալից վերաբերմունք ունեցող եզդի եղբայրներին օգնության ձեռք մեկնելու առումով: Ըստ իս՝ մեր եզդիական համայնքն ունի նախևառաջ լուրջ մտավոր ներուժ՝ պայմանավորված արդեն հետխորհրդային Հայաստանում կրթված եզդի երիտասարդ սերնդի առկայությամբ, որի ներկայացուցիչները, հաշվի առնելով ՀՀ-ում մամուլի և տեղեկատվության ազատության լայն հնարավորությունները, կարող են առնվազն զգալի տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, հասցնելով իրաքյան եզդիների խնդիրները միջազգային տարբեր լսարանների՝ հաճախ, ինչու՞ ոչ, նաև քաղաքակիրթ սահմաններում ճնշում գործադրելով տարբեր միջազգային կառույցների վրա: Երկրորդ կարևոր ուղղությունն, ըստ իս, միջազգային կառույցներում աշխատող ՀՀ ներկայացուցիչների և հայկական սփյուռքի տարբեր լոբբիստական կազմակերպությունների խողովակների օգտագործումն է՝ Իրաքում եզդիական համայնքի խնդիրներն այդ միջոցով համաշխարհային հանրությանը հասանելի դարձնելու գործում: Եվ երրորդ՝ ամենակարևոր առաքելությունը, որ ես տեսնում եմ մեր եզդի երիտասարդների համար, դա տարբեր մշակութային և հասարակական-քաղաքական ծրագրերի մշակումն է Իրաքում բնակվող եզդիների համար, այլ խոսքերով՝ մի յուրատեսակ եզդիական «Մադրասյան խմբակի» ստեղծումը Հայաստանում: Դա կարող է լինել ՀՀ-ում գործող, ասենք, եզդիական ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի ձևաչափով: Փառք Աստծո, այսօր Հայաստանում և մեր երկրից սերած արտասահմանյան եզդիական սփյուռքում կան մեծահարուստ մեկենասներ, որոնք, ըստ իս, ոչ միայն պետք է օժանդակեն, ասենք, մեր երկրում եզդիական սրբավայրի կառուցումը (որն ինքնին շատ դրական երևույթ է), այլ նաև ներդրումներ կատարեն նաև նման կենտրոնի ստեղծման նպատակով, որն անշուշտ ճշգրիտ կառավարման դեպքում շատ արդյունավետ գործող մի հաստատություն կարող է դառնալ համաշխարհային եզդիականության համար:

Զրուցեց Բորիս Մուրազին