- ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ պարենի խնդիր չկա: Լարսի անցակետը աշխատում է, հետևաբար՝ խուճապահար գնումներ անելու կարիք չկա:
Խոշոր առեւտրային կենտրոններում, ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով, առեւտրի անկում կա:
Ինչ վերաբերում է բժշկական սպիրտին ու ալկոգելին, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ հիմա բոլոր դեղատներում կա մնացորդ: Ավելին՝ ալկոգել արտադրող ընկերությունում եւս մնացորդ կա: «Արտադրության ծավալները մեծացել են»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Կառավարության անդամի խոսքով՝ փետրվարի 23-ից մարտի 23-ը դոլարի ու ռուբլու տատանումներ են եղել: Դոլարի արժեքը բարձրացել է, ռուբլունը՝ իջել:
Ներմուծված ապրանքների գները՝ ցիտրուսային մրգերի գինը, Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ, մի փոքր բարձրացել է, բայց վերջին օրերին փոքր-ինչ՝ նվազել: Բրնձի, ոսպի, հնդկաձավարի, ձեթի գինը մեծ մասամբ չի փոխվել: Միայն վերջին օրերին ձեթի գինը մի փոքր բարձրացել է:
Հավի ձվի գնի մասին պաշտոնյան խոսել է: Գինն աճել է՝ 25-ից դարձել է 40 դրամ, բայց ՏՄՊՊՀ-ը մինչեւ արտակարգ դրությունը սկսել էր ուսումնասիրություն: Այն, Գեղամ Գեւորգյանի խոսքով, չի ավարտվել:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ կարագը, պանիրը, սիրողական երշիկը չեն թանկացել: Թթվասերի, կաթնաշոռի գինը մեծ մասամբ չի բարձրացել: