Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում, տարբեր վարկածներ են ասում «Դալմա գարդեն մոլ» առեւտրային կենտրոնի 30 րոպե ցնցման մասին:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ երեւի թե վաղը առեւտրի կենտրոնը կաշխատի: Իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները երեկվա պես այսօր էլ «Դալմա գարդեն մոլ»-ում են, ուսումնասիրություններ են անում՝ ցնցման իրական պատճառն իմանալու:
Բացի շրջանառվող վարկածներից կա եւս մեկը: 2012 թվականին, երբ բացվեց առեւտրի կենտրոնը, լուրեր տարածվեցին, որ կենտրոնը մի օր փլուզվելու է, քանի որ շենքի հիմքի շինարարությունը սխալ է եղել: Շատերին թվաց, թե դա ընդամենը ասեկոսե է, սակայն երեկվա ցնցումները կարծես թե հաստատում են լուրի իսկությունը:
Araratnews.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը չմեկնաբանեց այդ վարկածը, քանի որ դա շինարարների գործն է:
ԱԻՆ-ի աշխատակիցը հրապարակեց ցնցումների նախնական վարկածը՝ 1-2 խանութում թեթեւ տատանում է զգացվում, որը, նախնական գնահատմամբ, շենքի տանիքի օդորակիչների ազդեցությունն է:
Օդորակիչները կարո՞ղ էին 30 րոպե ցնցման պատճառ լինել: ԱԻՆ-ի աշխատակիցը պատասխանեց. «30 րոպեն ինչ կապ ունի: Դուք էլ հիմքից եք խոսում, ասում եք՝ սխալ են սարքել, այդ դեպքում ինչո՞ւ ամբողջ շենքը չի ցնցվում: Մեր նախնական գնահատականը սա է»:
Արդյոք ԱԻՆ-ը քննարկում է առեւտրի կենտրոնի հիմքի սխալ շինարարությունը: Պատասխանը բացասական էր:
Ինչ կարծիք ունեն այս խնդրի մասին առեւտրի կենտրոնի հիմնադիրները: ԱԻՆ-ի աշխատակիցները չեն հանդիպել եւ խոսել նրանց հետ, պարզապես շենքի տանիքում դրված սարքավորումներով ուսումնասիրում են վիճակը:
Սոնա Դավթյան