տուն Քաղաքական Հայաստան Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին. DW-ի անդրադարձը

Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին. DW-ի անդրադարձը

384
0

Սոցիալական ցանցի հայկական սեգմենտում տեղ գտնող  կեղծ տեղեկատվության խնդրին է անդրադարձել գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որ կայքում հրապարակել է «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում ֆեյքեր գործարկում վարչապետ Փաշինյանի դեմ» վերտառությամբ հոդվածը։

«Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի համատեքստում առաջացող խնդիրների պայմաններում, վարչապետի և կառավարության ցանկացած գործողություն արժանանում է ընդդիմախոսների խիստ քննադատությանը։  Հիմնավորվող դժգոհությանից բացի, մեդիադաշտը հեղեղվում է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքականության վերաբերյալ ապատեղեկատվությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրում է գերմանական ռադիոընկերությունը։

Հոդվածն անդրադառնում է վերջին շրջանում արձագանք գտած հրապարակումներին, որոնցից մեկում ընդդիմադիր Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե Փաշինյանների ընտանիքը առանձնատուն է գնել Կանադայում և տեղադրել էր տան լուսանկար, որը սակայն Google որոնողական համակարգը տեղորոշում էր ԱՄՆ-ում ՝  նշելով որ այն այլ տեր ունի։ Հպարարակումն արտատպել էին մի շարք ԶԼՄ-ներ, սակայն դրանից ոչ մեկը հետո չներկայացրեց ապատեղեկատվության հերքումը։

Հրատարակությունը հիշատակում է նաև «Ֆեյսբուք»-ի «Դիանա Հարությունյան» օգտատիրոջը, որը ապատեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե իբր վարչապետ Փաշինյանն ԱՄՆ նախագահին շնորհավորել է «իրանցի գեներալի նկատմամբ  հաջող գործողությունների համար» (նկատի ունի հունվարի սկզբին ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին)։ Ապատեղեկատվությունն արտատպել էին որ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները։ «Փաշինյանը կտրականապես հերքեց նշված լուրը, հայտարարեց, որ սա այն դեպքն է, որ խոսքի ազատությունն սպառնալիք է ստեղծել պետության անվտանգության համար»,- նշում է գերմանական ռադիոկայանի կայքը՝  նկատելով, որ ՀՀ ԱԱԾ-ն գտել և ձերբակալել է «Դիանա Հարությունյանին», որը տղամարդ է իրականում։ Ըստ լրատվամիջոցի, նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում։

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, նման երևույթների դեմ դժվար է պայքարել, քանզի ԶԼՄ-ներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կարգավորող օրենսդրութուն չկա։

«ԴոյչԵ Վելլեն» անդրադարձել է նաև  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, որոնք հնչել են «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ։ Մինասյանը Փաշինյանին և նրա ազգականներին մեղադրել  է ծխախոտի, զենքի և ադամանդի մաքսանենգության, ինչպես նաև համավարակի դեմ պայքարը ձախողելու մեջ։  «ԴոյչեՎելլե»-ն նշում է, որ ի պատասխան Հայաստանի վարչապետը կոչ է արել չհավատալ մեղադրանքներին՝ մեջբերելով կառավարության ղեկավարի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ,  ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել», և հավելել, որ Փաշինյանը, ի տարբերություն երկրի նախկին ղեկավարների, չի դիմել դատարան իր դեմ զրպարտությունից պաշտպանվելու համար։ Փոխարենը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ խոսքի ազատությունը Հայաստանի համար «անվիճելի արժեք է»։ Վարչապետի  գնահատմամբ՝ Կանադայում առանձնատան և մաքսանենգության թեմաներով ասեկոսեների նպատակը իշխանության դեմ վստահության ճգնաժամ սադրելն է, և այդ ամենը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հարուցված քրեական գործերի և անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման ընթացակարգի նախապատրաստման հետ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: