«Ո՞վ է գրել Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշումը՝ Երեւանի քաղաքապետարա՞նը, թե՞ Բաղրամյան 26-ը…
ԻՆչպես արդեն տեղեկացրել եմ՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին Երեւանի քաղաքապետի որոշումների եւ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշումների /մեր հայցադիմումները չընդունելու մասին/ դեմ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքներն ու զույգ հայցադիմումները ընդունվել են Վարչական վերաքննիչ դատարանի վարույթ: Երեկ ստացել ենք Երեւանի քաղաքապետարանի/քաղաքապետի պատասխանը մեր վերաքննիչ բողոքին, որը ուղարկվել է նաեւ դատարանին: Եթե կարդաք Երեւանի քաղաքապետարանի պատասխանները եւ ամիսներ առաջ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի կայացրած երկու որոշումները /մեր հայցադիմումները ետ վերադարձնելու մասին/, ապա կապշեք… տող առ տող, նախադասություն առ նախադասություն, միտք առ միտք, «փաստարկ առ փաստարկ» կրկնում են միմյանց: Ասելիքը մեկն է ու հստակ. «դուք չեք կարող պաշտպանել հանրության իրավական շահը»…
Իսկ դա փաստում ու նշանակում է՝ ՀՀ վարչական դատարանի որոշումները կամ գրել են Երեւանի քաղաքապետարանում, կամ էլ ինչ-որ մի երրրոդ տեղ, որտեղից էլ տեքստերը տրամադրվել են թե՛ քաղաքապետին, թե՛ Վարչական դատարանի կամակատար դատավորին:
Սպասենք Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը. արդյո՞ք նա էլ է «ստացել» այդ «մերժման տեքստը» իր որոշումը «կայացնելու» համար, թե ազատ կլինի արդարադատություն իրականացնելիս:
Ի՞նչ կանի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը առաջիկա օրերին…
Եթե Վարչական վերաքննիչ դատարանը չկրկնի «տեքստը», բավարարի մեր եւ հանրության օրինական ու հիմնավոր պահանջը /չեղյալ համարի քաղաքապետի որոշումները հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին/, կնշանակի միայն ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Մարգարյանն է Երեւանի քաղաքապետարանի հետ հանցավոր պայմանավորվածության մեջ:
Իսկ եթե վարչական վերաքննիչ դատարանի դատավորն էլ կրկնի ստանդարտ «տեքստը», կնշանակի՝ տրանսպորտային հանցագործության կծիկն ու շրջանակը ավելի մեծ է, իսկ մեր հայցադիմումների «մերժման» տեքստերը գրողը իրականում ՀՀ նախագահականն է, եւ մնացածը սոսկ խամաճիկների թատրոնի տիկնիկներ են»:
Ստյոպա Սաֆարյանի բլոգից :