Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Օրինագծով նախատեսվում է, որ Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնեն միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա, իսկ թույլտվության տրամադրման կամ մերժման կարգը սահմանելու է Երևանի ավագանին։
Սահմանվելու է 50.000 դրամ տուրք, որը կարող է փոփոխության ենթարկվել՝ կախված վարչական շրջաններից։
Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվելու են բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ը: