Շուտով ամառ է: Եվ հանրությանը ամենաշատ հետաքրքրող թեման ամառը լիարժեք անցկացնելու, ասել է թե՝ հանգստի մեկնելու հարցն է:
Այս պահին երկրից դուրս հանգստանալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանները փակ են:
Բայց մեր հայրենակիցներն ունեն հանգստի մեկնելու այլընտրանքային տարբերակ ևս: Հայաստանում կան մի շարք ընկերություններ, որոնք շրջայցեր են կազմակերպում պատմամշակութային վայրեր, ապահովելով հյուրերի կեցությունը հանգստյան տներում և հյուրանոցներում:
Պետք է ընդգծել, որ ներքին տուրիզմը նույնպես կարևոր է թե հասարակության, թե պետության համար:
Որպեսզի պարզենք, թե տուրիստական կազմակերպությունները որքանով են պատրաստ վերսկսելու իրենց աշխատանքը, և հյուրանոցներն ու հանգստյան տները ինչպես են պատրաստվում դիմավորելու հանգստացողներին, ինչ միջոցառումներ են ձեռնարկելու վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ, Araratnews.am լրատվականը կապ հաստատեց վերջիններիս հետ (վերը նշված կազմակերպությունների անունները չենք հրապարակում, որպեսզի գովազդ չլինի):
Հայաստանի տեսարժան վայրեր հանգստացողներին տեղափոխող կազմակերպությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասացին, որ սպասում են կառավարության որոշմանը, որպեսզի վերսկսեն աշխատանքների կազմակերպման նախապատրաստական և բուն գործընթացը:
Իսկ համավարակի տարածումը կանխարգելելու առնչությամբ նշեցին, որ մարդկանց տեղափոխող մեքենաները կախտահանվեն, կտրամադրվեն դիմակներ ու ձեռնոցներ, ալկոգել, ինչպես նաև կիրականացվի ջերմաչափում:
Հյուրանոցների ու հանգստյան տների ներկայացուցիչների մի մասը սպասում են համապատասխան որոշմանը և հստակ պատկերացում ունեն, թե ինչպես են կազմակերպելու հանգստացողների անվտանգ և հարմարավետ հանգիստը:
Հյուրանոցային համալիրներից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք վաղուց աշխատում են, քանի որ ունեն առանձին տնակներ: Եվ այս հանգամանքն իրենց թույլ է տալիս աշխատել, քանի որ մարդկային կուտակումներ, բազմամարդ միջոցառումներ չեն կազմակերպվում: Նա հավաստիացնում է, որ պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները, ախտահանման բոլոր միջոցառումները:
Իսկ մեր այն հարցին, թե այս օրերին այցելուներ կան, հյուրանոցային համալիրի ներկայացուցիչը պատասխանեց, որ, նախորդ տարվա համեմատ, իհարկե կա զգալի տարբերություն, բայց հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ հաճախորդների այցելությունները գնահատեց բավականին լավ: Մեր զրուցակիցն ասաց նաև, որ կարանտինային օրերին մարդիկ մեկնել են հանգստի` հատկապես բնությանը մոտ լինելու հանգամանքով պայմանավորված:
Հայկ Մագոյան