տուն Uncategorized Շումախերին ողբերգությունից հետո առաջին անգամ լուսանկարել են

Շումախերին ողբերգությունից հետո առաջին անգամ լուսանկարել են

1086
0

Ավելի քան վեց տարի առաջ «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը գլխուղեղային լուրջ վնասվածք էր ստացել: Նրա երկրպագուները մարզիկի առողջական վիճակի մասին մինչ օրս տեղեկանում են միայն նրան մոտ կանգնած աղբյուրներից: Շումախերը բնակվում է ժնևյան իր փակ կալվածքում: Սակայն անհայտ անձինք կարողացել են լուսանկարել ավտոարշավորդին իր տան տարածքում և հիմա փորձում են դրանք 1 միլիոն դոլարով վաճառել ԶԼՄ-ներին։ Մարզիկի կինը՝ Կորիննա Շումախերը, կոչ է արել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել այդ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2013 թ․ դեկտեմբերի 29-ին Շումախերը որդու և ընկերների հետ մեկնել էր ֆրանսիական Ալպերում գտնվող Մերիբել հանգստավայր՝ լեռնադահուկային սպորտով զբաղվելու։ Դահուկելիս Միխայիլը վայր էր ընկել և գլխուղեղային ծանր վնասվածք ստացել։ Երկու վիրահատությունից հետո Միխայիլին արհեստական ​​կոմայի մեջ գցեցին: Հաջորդ տարվա ամռանը մարզիկին դուրս բերեցին այդ վիճակից և տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց՝ հետագա վերականգնման համար։ Այդտեղից էլ Միխայիլը տուն գնաց:

Մի քանի ամիս առաջ ավտոարշավորդի կինն իր առաջին հարցազրույցն է տվել այդ ողբերգությունից ի վեր։ Հարցազրույցը տպագրվել է «Mercedes ‘She Magazin»-ում: Լրագրողի հետ զրույցում Կորիննան հիմնականում պատմել է, թե ինչպես է ամուսինը 2005-ին՝ իրենց հարսանիքի 10-ամյակի կապակցությամբ, Շվեյցարիայում իրեն ագարակ նվիրել:

Կորիննան դեռ պատրաստ չէ խոսել ամուսնու վիճակի մասին: Բայց նա բացատրել է, թե ինչու են ինքն ու երեխաներն այսքան տարի լռում. «Կարող եք հանգիստ լինել, Միխայիլը հոգատար ձեռքերում է: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օգնենք նրան: Մենք չենք կարող այլ մանրամասներ հաղորդել, քանի որ նա ցանկանում է, որ այս ամբողջ պատմությունն առայժմ գաղտնի պահվի: Վստահ եմ, որ նա նույնը կաներ ինձ համար: Միշտ հիշելու եմ, թե ում եմ երախտապարտ»։