Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց մի խումբ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որը վերաբերում էր շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորմանը և ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովմանը: «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները այսուհետ կկարգավորեն ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների և շուկայի վերահսկողության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման և հետկանչման միջոցառումները, ինչպես նաև ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական և կազմակերպական հիմքերը:
«Միևնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով»,- ասաց նախագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: