Երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։
Այս մասին գրումմ է SHAMSHYAN.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, որի հաղորդած տեղեկությանհամաձայն` վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, ով կասկածվում է նաև 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։
Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:
Սակայն ԱԺ պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մ. Մանուկյանի գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները քոթակի էին ենթարկել նրանց: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կատարվածի մասին Աբովյանի ոստիկանությունը չէր իմացել, քանի որ թե՛ նախկին պատգամավորը, թե՛ «օրենքով գողն» ու նրա համակիրներն այս դեպքը փորձել էին կոծկել՝ մտածելով, որ «պատվաբեր չէ», որ այս դեպքով զբաղվեն իրավապահները: