տուն Բանակ Շնորհավոր Հաղթության տոնդ, Հայ ժողովուրդ.Գայանե Պողոսյան

Շնորհավոր Հաղթության տոնդ, Հայ ժողովուրդ.Գայանե Պողոսյան

393
0

Ուսյալ ռազմագետները կփորձեն հասկանալ։ Ու չեն հասկանա։ Դրվագ առ դրվագ կվերծանեն Շուշիի հերոսական ճակատամարտի ամեն մի վայրկյանը ու չեն հասկանա, թե ինչպես կարելի է ապրել, երբ ապրելու հավանականությունը չկա, ինչպես կարելի է հաղթել, երբ հաղթելու ոչ մի երաշխիք չունես։ Ու արդարացում կփնտրեն։ Այս անգամ՝ թուրքերը։ Քավության նոխազներ «կգտնեն» իրենց մեջ ու իրենցից դուրս։ Ու կհասկանան, որ Արցախյան պարտությունը իրենց համար սոսկ կորցրած տարածք չէր։ Շատ ավելին էր, քան «օկուպացված 20 տոկոսը» որովհետեւ, ըստ էության, օկուպացվեց ահարկու ու մշտահաղթ թուրքի սին ու փուչ առասպելը։

Մոնթեն ասում էր՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Ոչ առաջին ազգն ենք, ոչ էլ վերջինը կլինենք։ Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ անդառնալիորեն հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։ Մենք դասեր քաղեցինք սեփական պատմությունից։ Մենք դասեր քաղեցինք մեր անհատնում կորուստներից, մեր մեծ պարտությունից։ Մեր խորհրդատուն մեր ցավն էր, մեր կարոտը, մեր չհատուցած պարտքերը։ Մենք պահեցինք երկիրը։ Արցախը չդարձավ մի նոր էրգիր մեր պարտությունների տխուր, անբովանդակ սրբարանում։ Արցախը հաղթանակի խորհրդանիշ դարձավ։

Թուրքը հասկացավ իր հաղթանակի ֆենոմենը՝ անզեն, անպաշտպան մարդկանց դեմ, ոհմակով ու վայրագաբար։ Թուրքը հասկացավ, որ ինքը ավարառու է, ոչ թե ռազմիկ, թալանչի է, ոչ թե պատերազմող, հոշոտող է, ոչ թե կռվող։ Ո՞վ հակառակը կհամոզի նրան, ինչպե՞ս։ Ո՞վ կբացատրի թուրքական բարձրացող սերնդին, թե ինչո՞ւ պարտվեցին իրենց հայրերը, երբ թվաքանակով, զինտեխնիկայով, տնտեսական վիճակով եւ մեկնարկային բոլոր հնարավորություններով բազմապատիկ առավելություն ունեին հայերից։ Որտեղի՞ց կգտնեն սեփական բանակի ոգին զինելու ակունք, ի՞նչ գումարով կգնեն փառքի ու հերոսության առասպելներ։

Շնորհավոր Հաղթության տոնդ, Հայ ժողովուրդ: