ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ.
«Այսօր Արցախում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ձայների հաշվարկն արդեն սկսվել է և ժամեր անց պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների՝ նախապես կանխորոշված արդյնուքը. Մասիս Մայիլյանի կողմից ընտրության երկրորդ փուլը բոյկոտելուց հետո միակ մասնակիցը Արայիկ Հարությունյանն էր, ով առաջիկա ժամերին արդեն նաև դե յուրե կճանաչվի որպես Արցախի հանրապետության նախագահ:
Ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորում եմ Արայիկ Հարությունյանին, նրա քաղաքական թիմին, Արցախի նորընտիր խորհրդարանին՝ մաղթելով ստեղծարար ու բարեբեր աշխատանք:
Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան չափազանց բախտորոշ ժամանակաշրջանում: Մի կողմից դրանք անց կացվեցին աշխարհում ու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման, մյուս կողմից՝ դրա պատճառով աշխարհում, միջազգային հարաբերություններում հաստատվող փոփոխությունների, նոր իրականության պայմաններում: Այդ փոփոխությունները շարունակվելու են, աշխարհը միանշանակորեն փոխվելու է, փոխվելու են աշխարհաքաղաքական դասավորություններն ու ուժերի հարաբերակցությունը: Բոլոր այդ գործոններն անխուսափելիորեն ազդելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա և չափազանց կարևոր է, որպեսզի Արցախը իր նոր իշխանություններով՝ նոր նախագահով ու նոր խորհրդարանով այդ նոր իրականություն մտնի ավելի ամրացած ու ավելի հզոր:
Արայիկ Հարությունյանը ընտրություններին մասնակցում էր բավական հավակնոտ սոցիալ-տնտեսական ծրագրով և պետք է հույս հայտնել, որ այն կյանքի կկոչվի նրա նախագահության առաջին իսկ օրերից սկսած: Արցախի ներքին կայունությունն ու տնտեսական հզորացումը ուղղակիորեն ազդելու է արտաքին անվտանգային միջավայրի, այդ միջավայրում Արցախի դիմադրողականության վրա:
Չափազանց կարևոր է նաև իրողությունը, որ առնվազն նախընտրական շրջանում, կարգախոսների, հայտարարությունների մակարդակով կա լիակատար փոխըմբռնում Արայիկ Հարությունյանի ու Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև, ինչը ևս զգալի նշանակություն ունի ինչպես երկու հայկական պետությունների ներդաշնակ հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամուր բանակցային դիրքերի տեսնակյունից:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ կատարած ընտրության, իսկ Արայիկ Հարությունյանին՝ նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս ընտրությունը Արցախի համար լինի զարգացման ու բարգավաճման անբեկանելի ընտրություն»: