տուն Քաղաքական Հայաստան Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի. նախարար

Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի. նախարար

246
0
Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Թեև օրենսդրական փաթեթն ավելի լայն հարցերի շրջանակ է ներառում, սակայն, հաշվի առնելով, որ վերջին շրջանում այս ոլորտում ամենաշատ քննարկված թեման շինթույլտվությունների կասեցման հարցն է, դրան միայն կանդրադառնամ: ԱԺ կողմից օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կարձանագրենք, որ երկար տարիներ կառուցապատողների բարձրաձայնած խնդիրները լուծում ստացան:
Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր:
Ներկայում x շինարարության հետ կապված, եթե վիճարկման հայց է ներկայացվում դատարան՝ այդ թվում նաև այլ անձի կողմից, և այն վարույթ է ընդունվում, ապա այդ փաստով միանգամից կասեցվում է շինարարությունը: Դրա արդյունքում, ինչպես փաստում է այսօրվա վիճակագրությունը, կառուցապատման շուրջ 60 թույլտվություններ այժմ գտնվում են կասեցված վիճակում, ինչի արդյունքում շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ դադարեցված են:
Այս փոփոխությունների արդյունքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում, շինարարության կատարումը չի կասեցվի:
Ավելին. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ։ Արդյունքում, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, նշված վարչական ակտերի՝ այդ թվում՝ շինարարության թույլտվությունների կասեցումը կհամարվեն վերացած և կասեցված գործունեությունը կվերսկսվի:
Ինչպես վարչապետը նշեց նիստի ժամանակ, այս նախագծի ընդունումը կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի: