«Շատ տգեղ է, երբ որոշ լրատվամիջոցներ հանրությանը մոլորեցնելու համար շահարկում են ընտանեկան հարաբերությունները՝ բացարձակ ստեր տարածելով»,- araratnews.am-ին ասաց «Սիլ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, անդրադառնալով այն լուրերին, թե իբր Գագիկ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի միջեւ հարաբերությունները լարված են։ Մամուլի խոսնակի խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ պատվեր կատարելով, սպասարկելով քաղաքական շրջանակներին՝ ստահոդ լուրերով մտնում են արդեն անձնական դաշտ՝ փորձելով խառնակչություն մտցնել ընտանեկան հարաբերություններում։
Աննա Մկրտչյանը հիշեցրեց, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը մշտապես մտահոգվել է մեր երկրի խնդիրներով եւ իր ուժերի ներածի չափով նպաստել է երկրի զարգացմանը։
Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեղեկություններին, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է կուսակցություն բացել՝ դա նույնպես սուտ է։ «Եթե պարոն Սուքիասյանը նման մտադրություն ունենար, այդ մասին կհայտներ: Նա աշխատում է բաց ու թափանցիկ»,- ասաց խոսնակը: