Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստայնը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի եւ Հայաստանին սպասվող սպառնալիքների մասին.
«ՄԵՆՔ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ծանր է խոստովանելը, բայց Հայաստանն իր ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական ռեսուրսներով ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտով ինքն իրեն հասցրել է մի վիճակի, երբ զրկվել է ընտրության հնարավորությունից կամ ավելի շուտ իր համար որոշումներ ընդունվում են։ Ներքին իմունիտետի խրոնիկական կորուստը մի օր երկրի քաղաքական իշխանությանն առերեսելու էր այնպիսի կացության հետ։
Շատ ծանր ու ցավացնող զգացողություն է։ Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը՝ պարտության իներցիան կարծես թե անկասելի է դառնում, ու մեր շատ բարձր պաշտոնյաներ՝ սթափվելու փոխարեն, պարզապես լծվել են այդ գործին։ Մինչդեռ կարելի էր իրավիճակին գնահատական տալ, սթափվել ու փորձել փրկել կացությունը, երկրի արժանապատվությունն ու հեռանկարը։
Ռուսականի հոգևոր ներխուժումը հենց այս համատեքստում պիտի դիտարկել։ Եվ սա մեկ օրվա խնդիր չէ։ Բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ավելի շատ ռուսաց լեզվի զարգացման մասին խոսեց ։
Ռուսներն այս ուղղությամբ վաղուց են սկսել աշխատել ու մերոնք էլ սպասարկում են նրանց շահերը։ Մի քանի տարի առաջ, երբ ՙԼեզվի՚ և ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքներում քաղաքական մեծամասնությունը փոփոխություններ էր առաջարկում, և ծանր պայքարից, որոշ նահանջներից հետո, այնուամենայնիվ, ականները դրվեցին, պարզ էր, որ նաև ռուսական դպրոցների դռներն էին բացվելու։ Երբ ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ ՀՀ օրենքում հայրենական արտադրության հաղորդումների քանակը նվազեցվեց՝ իջեցնելով 55%-ի, պարզ էր, որ ռուսերենով ֆիլմերն ու հաղորդումներն էին հեռարձակվելու։ Պարզ էր, որ առանց երկնչելու կառավարության երեք անդամներ՝ խախտելով Լեզվի մասին ՀՀ օրենքը, հայկական հեռուստատեսությամբ ռուսերենով ՙինտելեկտուալ՚ խաղեր էին խաղալու և հետո հաղորդավարի բերանով անհեթեթ պատճառաբանությամբ փորձելու արդարանալ։
Ու նաև Հանրային հեռուստատեսության Հ-ն էլ հենց այնպես, գեղագիտական նկատառումներով չի անհետացել։ Այո, մենք վաղուց ենք սկսել սպասարկել նրանց շահերը՝ գիտակցաբար թե՝ ոչ։
Երբ Ռուսաստանի դեսպանատան մշակութային կցորդը հայտարարում է ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի, դեսպանը ՄՄ շրջագծում ինքիշխանության կորստի մասին, ու դրան չի հաջորդում մեր պաշտոնական մեկնաբանությունը, ամեն ինչ պարզ է։
Ռուսներն իրենց տարածաշրջանային շահերն են հետապնդում, և սա իրենց քաղաքական, ռազմավարական շահի խնդիրն է, իրենց մեկնակետով շատ էլ արդարացված։
Արժանապատիվ ու անկորուստ լինելը մեր խնդիրն է, այնինչ շատ էժան ենք ծախվում, քայլ քայլ հանձնվում։
Մինչդեռ առաջին հայացքից փոքր թվացող նահանջների այս օազիսները գումարվում են ու դառնում հոգևոր ամայության լանդշաֆտ, որի վրա այլոց տակտիկական ու ռազմավարական քայլեր կառուցելը մեծ ջանք չի պահանջում։
Ցավոք, այս քաղաքական համատեքստում սպասելի էր, որ մի օր հերթը հասնելու էր ռուսերենի հատուկ կարգավիճակին՝ իր բոլոր հետևանքներով։
Ու մենք թերագնահատում ենք հոգևոր կորուստները՝ այնինչ հոգևոր տարածքների կորստից հետո հողն ընդամենը նյութ է, աշխարհագրական կոորդինատ, որից բաժանվելն անցավ է ու հեշտ։
Պատահականություններ չեն լինում. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած հերթական զեկույցի համաձայն ՀՀ մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 13-17 տոկոսով»։